Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 1-ին արդեն 7-րդ անգամ կմեկնարկի Երիտասարդ թատերական բեմադրիչների փառատոնը:

Թատերական գործիչների միության (ԹԳՄ) քարտուղար Սոնա Մելոյանի խոսքով, թեեւ փառատոնը միջազգային չէ, մեծ համբավ չունի, բայց յուրովի հնարավորություն է տալիս գնահատել ներկայիս թատերական դաշտը:

Նա հավելեց, որ այս տարվա փառատոնի խաղացանկն ընդգրկում է էքսպերիմենտալ բնույթի ներկայացումներ եւ մի քանի աբսուրդիստական պիեսների բեմադրություններ:

Ոչ միայն խաղացանկային ներկայացումներ ստեղծելու, այլեւ նորարարությունների գնալու երիտասարդ բեմադրիչների ձգտումը կարեւորեց նաեւ ԹԳՄ քարտուղար Լեւոն Մութաֆյանը. - «Այն, որ այսօր միտում կա՝ վերանայելու թատրոնում ձեւավորված արժեքային համակարգերը, բեմադրական սկզբունքները, դերասաններին տանելու նոր թատերադաշտ, ինձ չափազանց ուրախացնում է»:

Այս տարվա մյուս կարեւոր միտումը, ըստ նրա, կամերային ներկայացումներն են:: Կազմակերպիչները նշեցին, որ փառատոնն ավելի շատ ստուգատես է, որտեղ հնչում են նաեւ մասնագիտական կարծիքներ: Նրանց խոսքով, տարեցտարի աճում է ինչպես մասնակիցների թիվը, այնպես էլ երիտասարդ բեմադիրչների ներկայացումների որակը:

«Ցավալին այն է, որ փառատոնը հանրապետական է, բայց ամեն տարի հանրապետական բառի տակ հասկանում ենք միայն Երեւան, Վանաձոր եւ Գյումրի քաղաքները: Ցավոք սրտի, մյուս թատրոններում այսքան տարի որեւէ շարժ չի եղել», - ասաց Սոնա Մելոյանը:

Խնդիրը, ըստ Մելոյանի, մարզային թատրոնների ծանր վիճակն է թե' տեխնիկական, թե' կադրային առումով. - «Այսօրվա երիտասարդները փորձում են հատուկ էֆեկտներ կիրառել ներկայացումներում, նրանց չի բավարարում սովորական լույսը, ձայնը, որ կա մեր թատրոններում»:

Նրա խոսքով, կան թատրոններ, որտեղ թատրոնի հետ կապ չունեցող մարդիկ են ձեւակերպված որպես դերասաններ, որովհետեւ տնօրենի բարեկամներն են:

Սոնա Մելոյանը հավելեց, որ լավագույն տարբերակը կլինի, եթե մարզային իշխանություններն իրենք շահագրգռված լինեն թատրոնի շենքի պատշաճ հագեցվածությամբ, դերասանների աշխատավարձերով եւ առհասարակ մարզում թատերական միջավայրի զարգացմամբ:
XS
SM
MD
LG