Մատչելիության հղումներ

Շարմազանովը շնորհակալություն հայտնեց Սոբոտկային


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հեռախոսազրույցի ընթացքում Շարմազանովը իր եւ Հայաստանի խորհրդարանի անունից գոհունակություն է հայտնել Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դիպուկ եւ արդարացի բանաձեւի կապակցությամբ: Կարեւորելով չեխ գործընկերների այս քայլը՝ Շարմազանովը նշել է, որ այն իրերն իրենց անուններով կոչելու եւս մեկ դրսեւորում է:

Սոբոտկան նշել է, որ Չեխիայի խորհրդարանում մեծապես կարեւորում են մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի խորացնելու Հայաստան - Չեխիա միջխորհրդարանական հարաբերությունները:

Կողմերը խորհրդանշական են համարել, որ բանաձեւն ընդունվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Չեխիայի խորհրդարան կատարելիք այցի նախօրեին:

Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 23-ին հատուկ բանաձեւ է ընդունել` դատապարտելով Սաֆարովին ներում շնորհելու փաստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG