Մատչելիության հղումներ

Նվազագույն աշխատավարձին վերաբերող օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ


Ազգային ժողովի նիստը, արխիվ
Ազգային ժողովի նիստը, արխիվ

Վիճահարույց նախագծին կողմ քվեարկեցին միայն կոալիցոն ուժերի պատգամավորները:

Ազգային ժողովը հինգշաբթի օրը ձայների 65 կողմ, 7 դեմ եւ 25 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծը:

Հիշեցնենք՝ այս օրինագծով կառավարությունն առաջարկում է 2013 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձն ավելացնել 2.5 հազար դրամով (6.25 դոլար)՝ 32.5 հազարը դարձնելով 35 հազար:

Ընդդիմությունը այս առաջարկը քաղաքացու համար ստորացուցիչ է որակում:

«Քաղաքացիներին մենք ուղղակի փորձում ենք տալ ողորմություն, իսկ սա հարիր չէ ոչ Հայոց խորհրդարանին, ոչ էլ մեր կառավարությանը», - ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյանից հետո ձայն խնդրեց Հայ ազգային կոնգրեսից Լեւոն Զուրաբյանը․ - «Կառավարության առաջարկը համարում ենք ձեռառնոցի սեփական ժողովրդի նկատմամբ»։

Բուռն վեճերի առիթ տված օրինագծին կողմ քվեարկեցին միայն կոալիցիոն ուժերի՝ Հանրապետականի եւ «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչ պատգամավորները:

Դեմ էին Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն»-ը:

«Բարգավաճ Հայաստան» եւ Դաշնակցություն խմբակցությունները, ինչպես նաեւ «Ժառանգության» կազմում փաստացի գտնվող «Ազատ դեմոկրատներ»-ը ձեռնպահ մնացին։

Նշենք, որ եթե ընդդիմադիր խմբակցությունները որոշեին չմասնակցել քվեարկությանը, 65 կողմ ձայներով կառավարության ներկայացրած օրինագիծը կմերժվեր:

Մինչեւ քվեարկության դրվելը նախագիծը դիմակայեց երկօրյա բուռն քննարկումների։

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց՝ 35 հազար դրամը ոչ թե աշխատանքի դիմաց վարձատրություն է, այլ մարդու շահագործում։

«Հայաստանի քաղաքացուն չքավորության մեջ պահելը, կիսասոված թողնելը, նրան արտագաղթի մղելը, այս ռեժիմի վերարտադրության միակ իրական երաշխիքն է», - կարծիք հայտնեց ընդդիմադիր պատգամավորը։

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պնդում է, որ փող չկա, բյուջեն թույլ չի տալիս ավելին անել՝ 2500 դրամն է մեր պետության այսօրվա հնարավորությունների առավելագույնը։

«Մենք մշտապես կողմ ենք եղել նվազագույն աշխատավարձ սահմանելուն եւ նվազագույն աշխատավարձի սահմանաչափը տնտեսության մեջ ունենալուն եւ դրանով որոշակի սոցիալական հարցեր լուծելուն։ Խնդիրն այն է, թե ինչպիսի հնարավորություններ ունենք», - մեկնաբանեց նախարարը։

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հակառակ պնդումն արեց, ասաց՝ փող կա։ Աշխատավարձ բարձրացնելիս, ըստ Մինասյանի, նաեւ քաղաքացու նվազագույն կարիքները պետք է հաշվի առնել, ինչը օրինագծով կառավարությունը չի արել։ Դրա համար, ըստ Դաշնակցության, 17 միլիարդ ավելի գումար է պետք։

«Եթե այս կառավարությունը ի վիճակի չէ 17 միլիարդ ստեղծել, պետք է նրանց ցտեսություն ասել», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը։

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարեւոր համարեց անդրադառնալ Արծվիկ Մինասյանի վերջին դատողությանը։

«Շատ լավ զգացինք, որ ելույթ ունեցողներից մեկը կառավարությանը ասաց ցտեսություն։ Սա արդեն մեզ հույս է տալիս, որ ցտեսություն բառը նշանակում է մինչեւ տեսություն։ Այսինքն՝ կարոտ, սեր արթնացնող բառ է», - մեկնաբանեց Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG