Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 25-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մեկ ամսից ավելի է անցել նախագահ Սերժ Սարգսյանի՝ կառավարությունում անցկացրած խորհրդակցությունից, որի ժամանակ նա, ի թիվս այլ խնդիրների, խոսել է նաեւ «ատկատների» մասին: Շատ բնական կլիներ, որ կառավարությունը հրապարակեր այս մեկ ամսում պետական պատվերների կամ գնումների համար կայացած մրցույթների արդյունքները եւ հայտարարեր. «Ահա այս մրցույթներն անց են կացվել բացարձակապես թափանցիկ պայմաններում, մրցույթ անցկացնողներն ու մրցույթում հաղթողներն իրար հետ որեւէ կապ չունեն, եւ այստեղ որեւէ «ատկատ» բացառվում է»: Այնքան ժամանակ, որքան նման հայտարարություն չի արվում, մենք կարող ենք ենթադրել, որ «ատկատները» շարունակվում են: Գուցե հարստանալու դեռեւս չսպառված ռեսուրս են նաեւ Հանրապետության հրապարակում գտնվող շենքերը: ԱԳՆ-ի շենքը արդեն վաճառեցին, բայց, որքան հասկանում եմ, այսքանով կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել: Նույն հրապարակում են գտնվում նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, բուն կառավարությունը, ինչպես նաեւ Ազգային պատկերասրահը, եւ պաշտոնյաները հայտարարում են, որ շահավետ առաջարկների դեպքում այս շենքերը նույնպես կվաճառվեն: Դե, իսկ որ նման առաջարկներ կլինեն, կարելի է չկասկածել: Այդ առեւտուրն, անշուշտ, իր մեջ նույնպես պարունակում է ատկատային ռիսկեր»:

«168 ժամ»-ի թղթակիցը Կրթության եւ գիտության նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին հարցնում է. - «Դուք հայտարարել էիք, թե գաղտնիք չէ, որ ԲՀԿ խմբակցության ներսում ընթանում է ազդեցության պայքար տարբեր մարդկանց եւ խմբերի միջեւ: Արդյոք ԲՀԿ-ում միակ առաջնորդը Գագիկ Ծառուկյանի չէ՞»: Պատասխան. - «Երբ ընտանիքում հրապարակավ շատ են խոսում սիրո եւ համերաշխության մասին, ապ ենթագիտակցաբար մերկացնում ենք ճիշտ հակառակ իրավիճակը: Երբ մեր գործընկերները ԲՀԿ-ից պարբերաբար մամուլում տեսակետներ են հայտնում, որ կուսակցության ներսում իրենք որեւէ խնդիր չունեն, սա եւս մեկ անգամ հոգեբանորեն հաստատում է, որ նման խնդիր իրենց ներսում կա: Նման խնդիրները բացահայտվում են նաեւ քաղաքական վերլուծությունների շնորհիվ: Իսկ ձեր նշածը, թե ԲՀԿ-ականները Գագիկ Ծառուկյանին համարում են առաջնորդ, ապա դա մեկը մյուսի հետ կապ չունի: Վարդան Օսկանյանի` ԲՀԿ մտնելու ժամանակ այնպիսի ընկալումներ էին փորձում ստեղծել, որ տվյալ քաղաքական «գլամուրային» գործիչը մտնում է հասարակական ընկալման կապիտալ ունեցող ուժ: Սակայն, ինչպես հաճախ է պատահում «գլամուռային» գործիչների հետ, նա ընկավ մեծ սկանդալի մեջ եւ այլեւս ԲՀԿ-ին տալու բան չունի, բայց վերցնելու մեծ ախորժակ ունի: Ահա այս մոդելը բնության հայտնի է որպես մակաբուծություն»:

ՀՀԿ-ի մյուս փոխնախագահ Գալուստ Սահակյանին «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հարցրել է, թե ով է լինելու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը: Սահակյանը պատասխանել է. - « Այսօր այդ խնդիրներով զբաղված Հովիկ Աբրահամյանը, բայց կոնկրետ, կարծում եմ, հրապարակումները կլինեն քարոզչության շրջանում»: Հարց. - «Իսկ եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի նախագահի թեկնածու, այդտեղ խնդիր չի՞ առաջանա` հաշվի առնելով նրանց խնամիական, բարեկամական կապերը»: Պատասխան. - «Նախ, ռեալ չէ այսօր այդ մասին խոսելը: Բնական է, եթե պիտի այդպես նայենք, ոչ միայն Գագիկ Ծառուկյանի առաջադրումը, այլ ընդհանուր դերակատարներին պիտի նայենք, եւ բնական է, այդ դեպքում որոշակիորեն սկզբունքներ կփոխվեն, մոտեցումներ կփոխվեն, բայց այսօր հիմք ունենք, դրա վրա ենք հիմնվում»:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «ՀԱԿ-ի որոշ կարկառուն գործիչներ նույնիսկ հայտարարում են, որ պետք է ողջունել բոլորին, ովքեր անցնում են ժողովրդի կողմը։ Այս ամենում իրապես կա ռացիոնալ հատիկ, սակայն կա նաեւ մի մեծ բացառություն։ Բանն այն է, որ տվյալ պարագայում, երբ խոսում ենք կոնկրետ իրադրության մասին, ոչ թե «Բարգավաճ Հայաստանն» է անցնում ժողովրդի կողմը, ինչը կարելի է օգտագործել ընդդեմ ռեժիմի եւ ապահովել ժողովրդի հաղթանակ, այլ, այսպես ասած, ժողովրդական շարժումը, կամ նախկին շարժման անվան տակ հանդես եկողներն են շարժման անունից անցնում «Բարգավաճ Հայաստանի» եւ Ռոբերտ Քոչարյանի կողմը` ավելի ու ավելի ապարդյուն թաքցնելով այդ անցումը»։

«Հրապարակ»-ի մեկնաբանը հռետորական հարց է տալիս. - «Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակային ելույթ չի ունենում եւ նոր քաղաքագիտական վերլուծություններ չի անում: Մինչդեռ դրա կարիքը վաղուց է զգացվում: ԲՀԿ-ն, փաստորեն, շարժվելով առաջին նախագահի գծած ճանապարհային քարտեզով, արդեն որոշ քայլեր կատարել է իշխանափոխության ճանապարհին (ԱԺ ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելը, ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի դեմ կենաց-մահու կռիվ տալը, համարյա քաղբանտարկյալ ձեռք բերելը եւ այլն,) եւ այսօր նրան օդ ու ջրի պես նոր քաղաքագիտական դիրեկտիվներ են հարկավոր: Բայց, ինչպես ասացինք, Լեւոն Տեր-Պետրոսյանը լռում է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG