Մատչելիության հղումներ

logo-print
Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի բացառում, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահին սատարելու մասին նոր հուշագիր կամ համաձայնագիր ստորագրեն:

Կառավարության ղեկավարը նախ հիշեցրեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով ստորագրել էր գործող նախագահին սատարելու 2011-ի համաձայնագիրը, դեռ չի հայտարարել, թե հրաժարվում է դրանից եւ հավելեց. - «Իհարկե, ոչ մի բան այս պահի դրությամբ չեմ բացառում. որ կարող են լինել նոր համաձայնագրեր, նոր հուշագրեր, որտեղ կֆիքսվի, թե քաղաքական ուժերը ինչ դիրքորոշում պետք է ունենան ընտրությունների ժամանակ»:

Քաղաքաշինության, առողջապահության եւ սոցիալական ապահովության բնագավառներում վերջերս հայտնաբերված չարաշահումները վերաբերում են ԲՀԿ-ական նախարարների պաշտոնավարման ժամանակահատվածին, ինչը կուսակցությանը հիմք է տվել խոսելու «թիրախավորված» մոտեցման մասին:

Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը նկատեց, թե «որեւէ քաղաքական ենթատեքստ այստեղ գոյություն չունի», եւ հավելեց. - «Մեր նպատակն է բացահայտել այդ գործընթացներում տեղ գտած թերությունները եւ պատժել մեղավորներին»:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե քաղաքակիրթ երկրներում կոռուպցիոն սկանդալներից հետո բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են ներկայացնում, Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Այդ քաղաքակիրթ երկրների փորձը շատ բազմազան է: Իհարկե, կան դեպքեր, երբ այդ սկանդալների արդյունքում պաշտոնատար անձինք պատժվում են, ինչը նաեւ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում. մենք պատժում ենք մեղավորներին: Բայց կան դեպքեր էլ, երբ քաղաքական գործիչները չեն մեղավոր, այլ կոնկրետ երեւույթների համար կան կոնկրետ պատասխանատուներ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, եւ նրանք կրում են իրենց պատիժը»:

Վարչապետը այդպես էլ հստակ չպատասխանեց թե' իր հրաժարականի, թե' իր պաշտոնանկության մասին հնչած բազմաթիվ հարցերին:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կարող են նախաձեռնվել սահմանադրական փոփոխություններ` ավելացնելու փոխվարչապետների թիվը:

Վարչապետը լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ - կառավարություն հարցուպատասխանից հետո:

ՀԱԿ դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ցանկացավ ճշտել, թե արդյոք Ռուսաստանից գնվող գազի գինն արդեն բարձրացել է, բայց ժողովուրդը դրանից տեղյակ չէ, եւ արդյունքում գոյացած հսկայական պարտքը մարելու նպատակով կառավարությունը որոշել է «ՀայՌուսգազարդ»-ի իր բաժնեմասը` բաժնետոմսերի 20 տոկոսը, 63 միլիարդ դրամով վաճառել ռուսական կողմին:

«Նույն տեղեկությունների համաձայն, այս գործարքը ծածկել եք գնի տարբերությունը մինչեւ 2013 թվականի ապրիլի 1-ը: Այդ օրվանից սկսած Հայաստանը արդեն հազար խորանարդ մետրի համար վճարելու է 240 դոլարի չափով [ներկայից 180-ի փոխարեն]», - հավելեց Զուրաբյանը:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան ընդամենը նշեց, որ գազի գնի շուրջ բանակցությունների ռուսական կողմի հետ չեն ավարտվել, ուստի նոր գինը դեռ պարզ չէ:
XS
SM
MD
LG