Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի խորհրդարանը քննարկում է Իվանիշվիլիի կառավարության ծրագիրը


Վրաստան - Վարչապետի թեկնածու, «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ելույթ է ունենում խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպման ժամանակ, Քութայիսի, 24-ը հոկտեմբերի, 2012թ.

Վրաստան - Վարչապետի թեկնածու, «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ելույթ է ունենում խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպման ժամանակ, Քութայիսի, 24-ը հոկտեմբերի, 2012թ.

«Վրացական երազանք»-ի առաջնորդը նախօրեին սենսացիոն հայտարարություններ արեց։

Հինգշաբթի օրը Քութայիսիում` Վրաստանի խորհրդարանի նորակառույց շենքում պատգամավորները կսկսեն քննարկել Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ծրագիրը:

Որեւէ կասկած, որ ծրագիրը կհաստատվի, իսկ Իվանիշվիլին կստանձնի վարչապետի պաշտոնը, չկա, քանի որ հոկտեմբերի 1-ի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքը 150-տեղանոց նորընտիր խորհրդարանում 85 տեղ ունի:

Չնայած դրան, Բիձինա Իվանիշվիլին նախօրեին ստիպված եղավ բուռն քննարկումների մասնակցել` մի շարք կոշտ հարցադրումների պատասխանելով: Դա տեղի ունեցավ վարչապետի թեկնածուի եւ խորհրդարանական ընդդիմության հանդիպման ժամանակ:

Վրացական օրենսդրության համաձայն, կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրված անձը պետք է իր ծրագիրն առանձին հանդիպման ժամանակ ներկայացնի նաեւ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր խմբակցություններին:

Բնական է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Ազգային միացյալ շարժման պատգամավորներին առաջին հերթին հետաքրքրում էր Իվանիշվիլիի մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ Աբխազիայում ու Հարավային Օսիայում ստեղծված կացությանը:

«Մենք պետք է անենք ամեն ինչ Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ մեր աբխազ ու օս եղբայրներին հետ բերելու համար: Ինչ վերաբերում է 2008 թվականի պատերազմին, ապա դա մեծ սադրանք էր, որը ծրագրեցիք դուք ձեր Գլխավոր հրամանատարի հետ միասին», - դիմելով Սաակաշվիլիի կողմնակիցներին` հայտարարեց Իվանիշվիլին, հավելելով. - «Ռուսաստանը չէր կարողանում իրականացնել իր դարավոր երազանքը` անցնել Կովկասյան լեռներից այս կողմ: Սաակաշվիլին, սակայն, ռուսներին ընձեռեց այդ հնարավորությունը` նման սադրանք ձեռնարկելով»:

Բացի այդ, Իվանիշվիլին ներկաների համար բավական անսպասելիորեն հայտարարեց, որ վրացական քաղաքական ասպարեզում երկար մնալու ցանկություն չունի:

«Մեկ տարի է արդեն, ինչ քաղաքականությամբ եմ զբաղվում: Այժմ, երբ հաղթել ենք ընտրություններում, կարող եմ հստակ ասել. եւս մեկուկես տարի` եւ ես կլքեմ քաղաքականությունը, բայց ոչ Վրաստանը: Հեռանալով սակայն` ես չեմ հրաժարվի նախընտրական շրջանում հնչեցրած իմ խոստումներից: Ես պատրաստվում եմ դառնալ քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներից մեկը` վերահսկելով այն կառավարության գործունեությունը, որից հեռանում եմ», - ասաց Իվանիշվիլին` դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG