Մատչելիության հղումներ

logo-print
Սիբիրախտի տարածման վտանգ արդեն չկա, քանի որ սիբիրյան խոցով վարակված նոր կենդանիներ չեն հայտնաբերվել: Նաեւ վերահսկողություն է իրականացվում մսի վաճառքի բոլոր կետերում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը` հավելելով, որ հիվանդության տարածման օջախը արդեն հայտնաբերվել է:

«Համարյա 90 տոկոսով հաջողվել է պարզել օջախը, թե որտեղից է եղել դա: Դա եղել է Ծովակ համայնքից 30 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում: Կենդանիները արոտային շրջանում սարում են պահվում, հնարավոր է, որ այնտեղ է եղել: Այնտեղի հողից ենք նմուշ բերել, եւ այս պահին կատարվում են ախտահարման աշխատանքներ», - ասաց Մկրտչյանը:

Սիբիրյան խոցի այս բռնկումից Գեղարքունիքի մարզում հիվանդանոցներում էին հայտնվել ավելի քան 30 մարդ: Նրանց կեսից ավելին արդեն ապաքինվել է եւ դուրս է գրվել: Մի մասը շարունակում է մնալ հիվանդանոցներում:

Անասնաբուժության տեսչության պետն ասում է` սիբիրախտով հիվանդ է եղել մեկ կամ երկու կենդանի, որոնց մորթից հետո մսից հիվանդությունը փոխանցվել է մարդկանց: Սակայն հիվանդ մարդիկ կան ոչ միայն Վարդենիսին մոտ գտնվող Ծովակ, այլ նաեւ հարակից երկու այլ գյուղերում:

«Նաեւ Վանեվան եւ Տորֆավան համայնքներից կան մարդիկ, որոնք դիմել են բժիշկի: Մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Ծովակում մորթված միսն է գնացել, հասել այնտեղ: Մարդը մորթ է կատարել, բայց ինքը այդ միսը չի վաճառում, բաժանել է հարեւան-բարեկամներին», - ասաց Մկրտչյանը:

Յուրաքանչյուր տարի պետական միջոցների հաշվին բոլոր անասունները պատվաստվում են մի քանի առավել վտանգավոր հիվանդությունների դեմ, որոնցից մեկը նաեւ սիբիրախտն է: Մկրտչյանը ասում է` այժմ իրենք սիբիրախտի վարակի հնարավոր տարածման պատճառները բացահայտելու համար աշխատանքներ են տանում:

«Հնարավոր է, որ հիվանդ մեկ կամ երկու կենդանին դուրս են մնացել պատվաստման ցանկից, կամ եղել է պահպանման ռեժիմի խախտում: Ասենք, եթե վակցինան բացվել է, երեք ժամվա մեջ չի օգտագործվել, ուրեմն այլեւս չի կարելի օգտագործել: Միանշանակ մեղավոր լինելու է, եւ մենք գտնելու ենք նրան», - ասաց Մկրտչյանը:

Մկրտչյանի խոսքով` այսօր շատ խիստ վերահսկողություն է սահմանված թե Գեղարքունիքի մարզում, թե Հայաստանի ողջ տարածում, եւ հատկապես Երեւանում, որտեղ մսի սպառման ամենամեծ շուկան է, եւ սիբիրախտով վարակված մսի որեւէ դեպք չի հայտնաբերվել:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներն ասում են, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ եւ հարակից գյուղերի մարդկանց տներից հավաքել են մսեղենը, եւս մեկ անգամ սիբիրախտի դեմ պատվաստվեն են վարակի օջախի մոտ գտնվող խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիները: Մկրտչյանն ասում է` այսօրվա դրությամբ հիվանդ անասուններ չկան:

«Վարակի օջախում գտնվող կենդանիները արդեն էլ չեն կարող վարակվել եւ վարակն էլ փոխանցվել մարդկանց», - ասաց նա:
XS
SM
MD
LG