Մատչելիության հղումներ

Հալեպից երեքշաբթի երեկոյան Երեւան ժամանած Մարինե Ուլչիգյանին հարազատները արցունքներով դիմավորեցին: Նրանք «Ազատություն» ռադիոկայանին ասում էին, որ շատ էին անհանգստանում Մարինեի ու նրա ընտանիքի անվտանգության համար: Ուլչիգյանի հարազատները Հայաստան էին եկել մոտ հինգ ամիս առաջ:

Մարինեն Հալեպում տիրող իրավիճակը բնորոշում է «ցավալի» բառով:

«Ցավալի է… մեղք եղավ, Հալեպում մենք շատ ուրախ էինք, բայց մեղք եղավ [երկիրը]», - ասում է Ուլչիգյանը:

Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը, ինչպես միշտ, այս անգամ եւս Հալեպից ծանրաբեռնված ժամանեց Հայաստան (Սփյուռքի նախարարության տվյալներով` Հայաստանում այժմ մոտ 5000 սիրիահայ կա): Հալեպից ժամանած հայերի մեծ մասը պատմում էին, որ քաղաքը քանդվել է եւ այնտեղ ապրելը անհնարին է դարձել:

Սարգիս եւ Մադլեն Քազանչյանները ժամանել են Հայաստան` նպատակ ունենալով այստեղ մնալ այնքան, մինչեւ Հալեպում խաղաղություն կհաստատվի: Մադլենը «Ազատություն» ռադիոկայանին պատմում էր, որ Հայաստան տեղափոխվելու որոշում կայացրել են մի քանի շաբաթ առաջ, երբ երեխաների դպրոց գնալու ժամանակ պայթյուն է որոտացել քաղաքում:

«Պայթյունի ժամանակ ամուսինս ու տղաս գետնին պառկեցին, իսկ աղջիկս փողոցներով վազում էր, որ փրկվեր: Այդ օրը որոշեցինք, որ այլեւս այնտեղ չենք կարող ապրել», - պատմեց սիրիահայ կինը:

Սարգիս Քազանչյանն էլ պատմեց, որ երկու ամիս առաջ Հալեպում ստիպված են եղել լքել իրենց տունը ու տեղափոխվել կնոջ հայրական տուն, քանի որ տան մոտ անընդհատ կրակոցներ ու պայթյուններ են եղել:

Քազանչյանները Երեւանում կապրեն Սարգիսի եղբոր ընտանիքի հետ միասին` վարձակալած բնակարանում: Սարգիսի եղբայրը` Ավետիսը, ընտանիքին մի քանի ամիս առաջ է Հայաստան բերել: Նա եւս Հալեպից էր վերադառանում եւ ասաց, որ քաղաքը քարուքանդ վիճակում է:

Հալեպից եկած սիրիահայերն ասում էին, որ ընդդիմադիրները երկու օր առաջ պայթեցրել էին օդանավակայան տանող ճանապարհի կամուրջը: Դա միակ ապահով ճանապարհն էր, որը գտնվում է կառավարական զորքերի հսկողության ներքո եւ այժմ օդանավակայան հասնելը վտանգավոր է դարձել: Իսկ եղբորը սպասող Ավո Քելեյանն ասում էր, որ ուղեւորները կամ պետք է օդանավակայան հասնեին այլ ճանապարհներով, որոնք վտանգավոր են ու վերահսկվում են ընդդիմադիրների կողմից, կամ էլ պայթեցված կամուրջին կից հատվածով:

Հայաստան նոր ժամանածները ակնկալիքներ ունեն աշխատանք գտնելու հարցում: Մինչդեռ ավելի վաղ եկածները դժգոհում են, որ Հայաստանում գործ գտնելն այդքան էլ հեշտ չէ: Դստերը` Մարինեին դիմավորող Սահակ Ուլչիգյանը, ով արդեն հինգ ամիս է Հայաստանում է, ասում էր, որ «պարապ նստած է», բայց Երեւանում ապահով է, ու այժմ դա է կարեւոր իրենց համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG