Մատչելիության հղումներ

ԱԳՆ շենքը վաճառվել է շուկայականից բարձր գնով


Հայաստանի արտգործնախարարության շենքը Հանրապետության հրապարակում, արխիվ

Հայաստանի արտգործնախարարության շենքը Հանրապետության հրապարակում, արխիվ

Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի արտգործնախարարության շենքը վաճառվել է իր շուկայական արժեքից բարձր գնով:

«Մենք գույքը գնահատել ենք 3 հազար 6 հարյուր դոլարով եւ վաճառել ենք նաեւ 3 հազար 6 հարյուր դոլարով», - հայտարարեց պաշտոնյան։

Քաղաքի այդ հատվածում, ըստ նրա, անշարժ գույքի 1 քառակուսի մետրի շուկայական արժեքը տատանվում է 1500-ից 2000 ԱՄՆ դոլարի սահմաններում, մինչդեռ ԱԳՆ-ի շենքը վաճառվել է 1 քառակուսի մետրի դիմաց 3,600 դոլարով։

Կառավարության որոշմամբ, հոկտեմբերի սկզբին Կառավարության թիվ 2 մասնաշենքը, որում տեղակայված է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, վաճառվեց արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը։ Ավելի քան 14 հազար քառակուսի մետր տարածքով անշարժ գույքը եւ հարակից հողամասը վաճառվեց 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

Արձագանքելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք կառավարությունը պատրաստ է վաճառքի հանել ցանկացած պետական շենք՝ անկախ տվյալ շենքի պատմաճարտարապետական նշանակությունից,

«Եթե լավ առաջարկ լինի, նաեւ կքննարկվեն այդ հարցերը», - արձագանքեց նա։

Պետգույքի կառավարման վարչության պետին հարց ուղղվեց՝ մինչ արտգործնախարարության շենքի վաճառքի մասին պաշտոնապես հայտարարելը, բազմիցս հերքել եք, թե կա նման առաջարկ եւ սպասվում է նման գործարք: Արդյո՞ք այդ շենքի ճակատագրին կարող է արժանանալ նաեւ պետական կոնսերվատորիայի շենքը:

Պատասխանելով այս հարցին, Արման Սահակյանը նախ նշեց, թե այն պահին, երբ արտգործնախարարության շենքի առնչությամբ իրեն հարցեր են ուղղվել, շենքի վաճառքի առաջարկ իսկապես չի եղել: Ինչ վերաբերում է կոնսերվատորիային, ապա, նրա պարզաբանմամբ․ - «Վստահ կարող եմ հիմա պատասխանել, որ այս պահին նման առաջարկ չունենք։ Ես չեմ վախենում եւ շատ պարզ պատասխանում եմ․ եթե, օրինակի համար, տրանսպորտի նախարարության հետ կապված լինի լավ առաջարկ, գրավիչ առաջարկ պետության շահերի համար, ապա համոզված եղեք, որ այդպիսի հարցերը քննարկվելու են»։

Արման Սահակյանը լրագրողներին ներկայացրեց նաեւ ընթացիկ տարվա 9 ամիսներին պետգույքի կառավարման ոլորտում գրանցված որոշ ցուցանիշներ։

Այսպես՝ 2012 թվականի առաջին 9 ամիսներին պետական գույքի օտարումից մուտքերը կազմել են 687 միլիոն դրամ, որից պետբյուջե է փոխանցվել 493 միլիոն դրամ, համայնքներին՝ 194 միլիոն դրամ։

2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական գույքի վարձակալությունից փաստացի պետբյուջե է մուտքագրվել շուրջ 170 միլիոն 270 հազար դրամ։

Այս տարի մասնավորեցման են նախապատրաստվել 7 ընկերություն, որոնցից 3-ն արդեն վաճառվել են։
XS
SM
MD
LG