Մատչելիության հղումներ

Շարմազանով. «ՀԱԿ-ը վերածվել է այս կամ այն քաղաքական ուժի կցորդի»


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հակադարձել է ՀԱԿ-ի համակարգող, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարություններին:

Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե 2013-ին նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար: Ընդդիմադիր գործիչը նաեւ ասել էր, թե գործող նախագահին մարտահրավեր նետելու ունակ երկու քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն կարող են համախմբվել երկրում դեմոկրատական կարգեր հաստատելու համար:

Էդուարդ Շարմազանովի որակմամբ` այս հայտարարությունները «կատարյալ խայտառակություն են». - «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը Լեւոն Զուրաբյան փաստաբանի կամ ՀԱԿ փաստաբանական ծառայությունների կարիքը ունի»:

«ՀԱԿ համակարգողը խոսում է ամեն գնով ինչ-որ բան պահելու մասին, չկորցնելու մասին, բայց այնպիսի տպավորություն է, որ կորցնելու վախով եւ այդ սինդրոմով տառապում է հենց ինքը` ՀԱԿ համակարգողն ու իր շեֆը, որն այս տարիների ընթացքում վեր է ածվել այս կան այն քաղաքական ուժի կցորդի եւ գնալով կորցնում է իր հեղինակությունը», - նշեց իշխող կուսակցության խոսնակը` շարունակելով. - «ՀԱԿ համակարգողը իր հարցազրույցում բացահայտում է ՀԱԿ-ի իրական դեմքը. դա այն է, որ ՀԱԿ-ի հացը կամ Զուրաբյանի հացը այս կամ քաղաքական ուժերի միջեւ թվացյալ կամ իրական հակասությունների մեջտեղում հաց վաստակելն է: Եվ կարծում եմ, դա լուրջ քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին բնորոշ չէ որեւէ երկրում»:

Շարմազանովի ընկալմամբ` Զուրաբյանը նշված հարցազրույցում «արձանագրել է, որ մոտենում է իր եւ ՀԱԿ-ի քաղաքական մոտալուտ վախճանը»:

Հարցին, թե ՀՀԿ-ում հնարավոր համարում են, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը առաջիկա նախագահական ընտրություններում պայքարեն ընդդեմ Սերժ Սարգսյանի, Շարմազանովը պատասխանեց, թե նախագահական ընտրությունների հետ կապված որեւէ սցենար չեն քննարկել: Քննարկվել է միայն, որ դեկտեմբերին կայանալիք կուսակցության համագումարում առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Փաստն այն է, որ ՀԱԿ համակարգողը ընդունում է իր թիմի կամ գոնե իր թիմի գերակշռող մեծամասնության քաղաքական իմպոտենտությունը եւ ընդունում է Հայաստանի հանրապետական կուսակցության եւ դրա ղեկավարի բացարձակ ֆավորիտ լինելու փաստը», - եզրափակեց Հանրապետականի խոսնակը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կոնկրետ չպատասխանեց հարցին, թե արդյոք կուսակցություն պատրաստ է ՀԱԿ-ի հետ միասին պայքարել գործող նախագահի դեմ:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«Ոչ ոք դեռեւս չի կարող իմանալ ինչ է տեղի ունենալու, հատկապես ԲՀԿ-ի մասով, քանի որ մենք դեռ դրա մասին չենք խոսում», - ասաց նա:

Անդրադառնալով Զուրաբյանի պնդմանը, թե Սերժ Սարգսյանը փորձելու է քաղաքական դաշտից հեռացնել տնտեսական եւ ֆինանսական հնարավորություններ ունեցող Գագիկ Ծառուկյանին` վերջինիս ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակն ասաց, թե ուրախ է, որ «մարդիկ ունեն մտահոգություններ եւ որ այդ մտահոգությունները կարող են առնչվել ԲՀԿ-ին:

«Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանի տնտեսական գործունեությանը` պարոն Ծառուկյանը տնտեսական գործունեություն չի իրականացնում, պարոն Ծառուկյանի իրականացնում է քաղաքական, հասարակական ու պետական գործունեություն: Եթե իրեն պատկանող համապատասխան կոմերցիոն կառույցները իրականացնում են գործունեություն, ապա այդ գործունեությունը իրականացնում են բացառապես Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության դրույթների շրջանակներում», - հավելեց Ուրիխանյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG