Մատչելիության հղումներ

Մեխիկոյի քաղաքապետարանը ուսումնասիրում է Ալիեւի արձանի խնդիրը


Մեքսիկա - Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը Մեխիկոյում

Մեքսիկա - Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը Մեխիկոյում

Ավտորիտար առաջնորդի արձանի տեղադրման դեմ բողոքում են Մեքսիկայի մայրաքաղաքի քաղաքացիները։

Մեքսիկայի մայրաքաղաք բազմամիլիոնանոց Մեխիկոյի քաղաքապետարանը հանձնաժողով է ձեւավորել, որը պետք է ուսումնասիրի քաղաքի կենտրոնում, զբոսայգիներից մեկում տեղադրված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանի հետ կապված վիճահարույց հարցերը։

Ուսումնասիրություններից հետո հանձնաժողովը պետք է առաջարկություններ ներկայացնի, հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ստալինյան ժամանակաշրջանին հատուկ, վերջին ավտորիտար առաջնորդի բրոնզե արձանը տեղադրվել էր Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատան ջանքերով, որը գումարներ էր հատկացրել քաղաքի այդ շրջանը եւ զբոսայգին բարեկարգելու համար։

Ադրբեջանը նաեւ երկրորդ արձանն է տեղադրել Մեխիկոյում` վճարելով քաղաքի կենտրոնի վերանորոգման որոշ աշխատանքների դիմաց։

Սակայն Մեխիկոյի շարքային քաղաքացիները վերջերս բողոքի ակցիաներ էին անցկացրել Հեյդար Ալիեւի արձանի տեղադրման դեմ։ Ցուցարարները հայտարարում էին, որ վիրավորված են, քանի որ իրենց մայրաքաղաքում տեղադրվում է ավտորիտար առաջնորդի արձան։

Մեխիկոյի քաղաքային իշխանությունները երկուշաբթի օրը հայտարարել են, որ հանձնաժողովի երեք անդամները` գիտնականներ եւ փորձագետներ, ուսումնասիրելու են բողոքները եւ դժգոհությունները։

Քաղաքապետարանի բաժիններից մեկի ղեկավարը` քաղաքային եւ բնակարանային զարգացման դեպարտամենտի ղեկավար Ֆիլիպ Լեալը ասել է, որ հանձնաժողովը պետք է արձանների հարցը դիտարկի օբյեկտիվ, քննադատական տեսանկյունից, առաջարկելով, թե ինչ պետք է արվի այս հարցում։

Իսկ Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատան քարտուղար Մանուել Լունան ասել է, որ եթե արձանները հեռացվեն զբոսայգիներից, քաղաքը կընկնի խնդիրների մեջ։ Տեղական մամուլին նա ասել է, որ ըստ ստորագրված պայմանագրերի` արձանները պետք է մնան 99 տարի, եւ նշել է, որ այդ հարցը կարող է ազդեցություն ունենալ Մեքսիկայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վրա։

Ֆիլիպ Լեալը, ընդունելով, որ պայմանագրեր են ստորագրված, միաժամանակ շեշտել է, որ քաղաքը պետք է արձագանքի բնակիչների մտահոգություններին եւ գնահատի, թե ինչ հետեւանքներ կարող են լինել:

Նա ասել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում հանձնաժողովը կներկայացնի իր առաջարկությունները, եւ հնարավոր է` վերանայվի նախկինում հաստատված ծրագիրը:

Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը գրել է, թե Ադրբեջանը բարեկամական ուշադրություն է դարձնում Մեքսիկային, որովհետեւ Մեքսիկան առաջին երկրներից էր, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։

«Այս հուշարձանը նպատակ չունի բարելավել որեւէ մեկի հեղինակությունը, որովհետեւ ամբողջ աշխարհն ընդունում է, որ Հեյդար Ալիեւը նման բանի կարիքը չունի», - գրել է Մուխտարովը։

Մեխիկոյում տեղադրված ադրբեջանական երկրորդ արձանը նվիրված է Խոջալուի զոհերի հիշատակին: Սրա դեմ իր դժգոհությունն է հայտնել հայ համայնքը:

Շաբաթասկզբին Մեխիկո կատարած իր այցի ընթացքում այս արձաններին, ինչպես նաեւ Ղարաբաղի վերաբերյալ Մեքսիկայի խորհրդարանի ընդունած բանաձեւերին անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG