Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ի գործով ներգրավված փաստաբան Լուսինե Հակոբյանը այսօր բացատրություն է տվել ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում` կապված հոկտեմբերի 8-ին Քննչական գլխավոր վարչությունում տեղի ունեցած միջադեպի հետ:

«Հարսնաքար»-ի գործով տուժող կողմի փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը հոկտեմբերի 9-ին բողոք էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Փաստաբանները խնդրել էին Հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար: Ի դեպ, այս հոդվածներով ենթադրվում է առավելագույնը 6 տարվա ազատազրկում:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, թե բողոքի հիման վրա անցկացվող ծառայողական քննությունն ընթացքի մեջ է. ոստիկանությունը քննիչի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին կամ որեւէ այլ որոշում պետք է կայացնի առավելագույնը երկու ամսում։

Փաստաբանները գլխավոր դատախազին հասցեագրված բողոքի մեջ նշել են, որ հոկտեմբերի 8-ին, երբ Տիգրան Եգորյանը Հատուկ կարեւորագույն գործերով վարչություն է ներկայացել մի քրեական գործով իրենց վստահորդի հարցաքննության կապակցությամբ, քննիչ Ռուբեն Վարդանյանը խոչընդոտ է հանդիսացել, որ Եգորյանը մասնակցի հարցաքննությանը, նրան դուրս է հրավիրել իր աշխատասենյակից: Տիգրան Եգորյանն առարկել է, իսկ քննիչը ֆիզիկական ուժ է գործադրել փաստաբանի նկատմամբ. նրան հրելով դուրս է հանել իր աշխատասենյակից:

Փաստաբաններն այս բողոքը ոստիկանություն են հանձնել առձեռն: Իսկ հաջորդ օրը` հոկտեմբերի 10-ին, ոստիկանությունը հայտարարել է, թե «փաստաբան Եգորյանին որեւէ քննչական գործողության ոչ ոք չի հրավիրել...»:

Փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հրավիրելու խնդիր չի կարող լինել, քանի որ օրենքը շատ պարզ է նախատեսում, որ վկայի հարցաքննության համար բավարար է միայն, որ փաստաբանն ունենա լիազորագիր, տվյալ դեպքում որեւէ խնդրահարույց հանգամանք, չի եղել, ըստ Տիգրան Եգորյանի։

Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը ոստիկանությունում տեղի ունեցածը պայմանավորում են այն հանգամաքով, որ իրենք «Հարսնաքար»-ի գործով ներգրավված են որպես տուժող կողմի շահերի պաշտպաններ։ Ըստ Տիգրան Եգորյանի, իր պնդման վառ ապացույցը ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ առկա անդրադարձն է «Հարսնաքար»-ի գործին:

Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է․ - «Հարսնաքար»-ի գործի շրջանակներում Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը առաջին անգամը չեն անհիմն ու անփաստարկ հայտարարություններով թյուրիմացության մեջ գցում հասարակությանը»:

Մինչ ոստիկանությունը շարունակում է ծառայողական քննությունը, Փաստաբանների պալատը քննում է այս միջադեպը:

Փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված վարույթի որոշումը եւս պետք է կայացվի երկամսյա ժամկետում: Ոստիկանությունը Փաստաբանների պալատին է դիմել` հիմք ընդունելով ոստիկանության եւ Փաստաբանների պալատի միջեւ փետրվարին կնքված հուշագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG