Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի մարզում 15 մարդ բուժում է ստանում սիբիրախտի դեմ


Գեղարքունիքի մարզում 15 մարդ բուժվում է սիբիրախտի դեմ
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

Գեղարքունիքի մարզում 15 մարդ բուժում է ստանում սիբիրախտի դեմ

Գեղարքունիքի մարզում, այսօրվա տվյալներով, 15 մարդ շարունակում է բուժում ստանալ սիբիրախտի դեմ:

«Այսօրվա դրությամբ, հոսպիտալացված ունենք ընդամենը 15 հիվանդ, որոնք ունեն առողջացման դրական դինամիկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը` շարունակելով. - «Հիվանդների վիճակը բավարար է: Բարդությունների մասին խոսք լինել չի կարող: Արձանագրված հիվանդության դեպքերը վերաբերվում են միայն սիբիրյան խոցի մաշկային ձեւերին»:

Նա տեղեկացրեց նաեւ, որ 18 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. - «Տնային պայմաններում նրանց հսկողությունը շարունակվում է: Եթե անհրաժեշտություն լինի, բուժական կուրսը կարող է շարունակվել: Ուղղակի անհրաժեշտություն չկա, որպեսզի նրանք իրենց բուժումը ստանան հոսպիտալային պայմաններում»:

Անցած շաբաթ Գեղարքունիքի մարզից մի քաղաքացի տեղափոխվել էր Երեւանի ինֆեկցիոն հիվանդանոց: Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանի փոխանցմամբ, նա նույնպես այսօր դուրս է գրվել. - «Մեր մոտ այս պահին հիվանդ չկա: Այդ քաղաքացուն ուղիղ երեք օր բուժելուց հետո, համոզվելով, որ նա պրակտիկորեն առողջ է, ի սկզբանե մենք գիտեինք, որ շրջապատի համար վտանգ չի ներկայացնում այդ ձեւը` սիբիրախտով հիվանդների մաշկային ձեւը, մենք նրան դուրս գրեցինք: Մաշկայինը մենք գրեթե 100 տոկոսով բուժում ենք»:

Այս հիվանդությունը մարդուց մարդու չի փոխանցվում, սակայն այն ընդգրված է կենսաբանական զենքերի ցուցակում, վտանգավոր են հատկապես սիբիրախտի աղիքային եւ թոքային ձեւերը:

Հայաստանում, բարեբախտաբար, արձանագրվում է միայն մաշկային տեսակը:

Շատ ծանր ընթացող աղիքային տեսակը կարող է առաջանալ հիվանդ անասունի միսը հում, թերեփ կամ ծխեցված օգտագործելու հետեւանքով:

«Առաջին ուղերձը` որպեսզի պատահական վայրերից չգնել: Խանութից գնելու դեպքում միսը ենթարկել պատշաճ թերմիկ մշակման, այսինքն` եփել այնքան մինչեւ մսի մեջ արյան հետքերը վերանան», - ասաց Լիանա Թորոսյանը:

Գեղարքունիքի մարզում սիբիրախտը մարդկանց փոխանցվել է հիվանդ անասունների հետ շփման արդյունքում: Մինչեւ այսօր, սակայն, պարզ չէ կենդանիների վարակման աղբյուրը: Գյուղատնտեսության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, փոխանցեցին, որ վաղը այդ հարցով ասուլիս են հրավիրելու:

Հայաստանում մարդկանց` սիբիրախտով վարակվելու երկու դեպք արձանագրվել էր 2008 թվականին, 10-20 դեպք` 1990-ական թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG