Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակել են հերթական համատեղ Doing Business 2013 զեկույցը, որի համաձայն Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը՝ բիզնեսի դյուրինության սանդղակում վեր բարձրանալով 23 կետով:

185 երկրների շարքում Հայաստանը ներկայումս զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը:

Doing Business-ի նախորդ տարվա սանդղակում Հայաստանը գտնվում էր 55-րդ հորիզոնականում:

Նոր զեկույցում Հայաստանին անմիջապես նախորդող երկիրը Հոլանդիան է, իսկ Բելգիան եւ Ֆրանսիան հաջորդում են Հայաստանին՝ համապատասխանաբար զբաղեցնելով 33-րդ եւ 34-րդ հորիզոնականները:

Doing Business զեկույցը 11 չափորոշիչների միջոցով սահմանում է որեւէ երկրում բիզնես սկսելու եւ վարելու դյուրինության աստիճանը: Այդ չափորոշիչներից են, մասնավորապես, սեփականության գրանցումը, բիզնես սկսելու մեկնարկային պայմանները, ներդրողների պաշտպանվածությունը, շինարարության թույլտվության տրամադրումը եւ այլն:

Տարածաշրջանի մեր հարեւաններից լավագույն դիրքը զբաղեցնում է Վրաստանը, որն անցած տարվա համեմատ 8 կետով բարելավելով իր դիրքը, հայտնվել է լավագույն տասնյակում: Doing Business-ի այս տարվա ցուցակում Վրաստանը իններորդն է:

Ադրբեջանն այս տարի նահանջել է 2 կետով, եւ զբաղեցնում է 67-րդ տեղը:

Ռուսաստանը եւս առաջընթաց է գրանցել՝ 124-րդ հորիզոնականից բարձրանալով 112:

Հայատանին հարեւան Իրանը 145-րդ տեղում է, Թուրքիան՝ 71-րդ:

Doing Business-ի այս տարվա ցուցակը, ինչպես եւ անցած տարի, գլխավորում է Սինգապուրը: Վերջինիս հաջորդում են Հոնգկոնգը, Նոր Զելանդիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Դանիան:

Վատագույն երկիր է ճանաչվել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը՝ զբաղեցնելով վերջին՝ 185-րդ հորիզոնականը: Նախավերջին հորիզոնականը զբաղեցնում է մեկ այլ աֆրիկյան երկիր՝ Չադը:

Նշենք, որ այս զեկույցը կարեւորվում է օտարերկրյա ներդրումների գրավչության տեսանկյունից՝ հանդիսանալով ներդրումային որոշակի «ուղեցույց»:


«Ձեւական» բարելավում


Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Doing Business զեկույցում Հայաստանի առաջընթացը համարեց «բարելավում թղթի վրա»՝ նշելով, որ այն առավելապես ձեւական բնույթ է կրում:

Խաչատրյանը համաձայն է, որ բիզնես սկսելու փաստաթղթային ձեւակերպումների առումով որոշակի քայլեր արվել են եւ այդ գործընթացներն իսկապես դյուրացվել են: - «Սակայն ի՞նչ պետք է անի գործարարը բիզնեսը սկսելուց հետո Հայաստանի մենաշնորհային տնտեսության պայմաններում», - հարց է տալիս նա։

Խաչատրյանը թերահավատ է նաեւ ներդրումների գրավչության առումով Doing Business-ի ցուցակի դերի հանդեպ: Ըստ նրա, որոշ դեպքերում դա իսկապես նշանակություն ունի, սակայն խաբուսիկ է: Բազմաթիվ են դեպքերը, երբ ներդրողները գալիս են Հայաստան եւ բախվում այստեղի իրականությանը, ասում է նա:

«Մարդիկ գալիս են այստեղ եւ որեւէ գործ բացելուց հետո ուզում են շարունակել իրենց բիզնեսը՝ հասկանում են, որ թղթի վրա է ընդամենը», - ասում է տնտեսագետը։

«Թռիչքային առաջընթաց»


էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության խթանման բաժնի պետ Ալբերտ Բաբայանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով Doing Business-ի նոր զեկույցում Հայաստանի՝ իր խոսքով «թռիչքային առաջընթացը», նշեց, որ այդ բարելավումը միանգամայն բովանդակային է, քանի որ կազմվում է ոչ թե պետության, այլ բիզնեսի ներկայացուցիչների շրջանում արված հարցումների հիման վրա։

«Զեկույցը պատրաստվում է հիմք ընդունելով տեղական բիզնեսի արձագանքները։ Այսինքն, կառավարությունը ինչ էլ ներկայացնի, եթե բիզնեսը ինքը չի հաստատում [զեկույցի համար հիմք չի հանդիսանում]», - նշեց Բաբայանը։
XS
SM
MD
LG