Մատչելիության հղումներ

Գովազդը այն միջոցն է, որով ֆինանսավորվում են ԶԼՄ-ները եւ քիչ թե շատ անկախ ԶԼՄ-ներ ունենալու գրավականը հենց գովազդներով ֆինանսավորվող լրատվամիջոցներ ունենալն է:

Գովազդը այն միջոցն է, որով ֆինանսավորվում են ԶԼՄ-ները եւ քիչ թե շատ անկախ ԶԼՄ-ներ ունենալու գրավականը հենց գովազդներով ֆինանսավորվող լրատվամիջոցներ ունենալն է:

«Որպես հասարակական կազմակերպության աշխատող, ով ուզում է որեւէ բան զարգացնել լրատվության դաշտում, ինձ թվում է ամենամեծ առաջընթացը կլիներ, եթե կարողանայինք զարգացնել գովազդի շուկայի թափանցիկությունը եւ այնպես անեինք, որ լրատվությունը դառնար ոչ թե կուսակցությունների զենք, այլ իսկական բիզնես», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Լրատվության այլընտրանքային ռեսուսներ» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը:

Նա հավելեց, որ հայաստանյան գովազդային շուկան շատ փակ է, իսկ գովազդը դարձել է քաղաքականության անբաժան մասը եւ դրա զենքը: Այդպիսի դաշտում գովազդի որակից խոսելը երկրորդական է դառնում. - «ԶԼՄ-ների տնօրենները հաճախ ասում են, թե մեզ մոտ չի գալիս գովազդատուն, որովհետեւ մենք ինչ-որ մեկի դեմ ենք, կամ ինչ-որ բիզնեսի մասը չենք»:

Նրա կարծիքով, միայն գովազդը ֆինանսավորման միջոց դարձնելու միտում կա էլեկտրոնային լրատվամիջոցներում, սակայն դրանք քիչ են եւ դժվար են կարողանում հարմարվել հայաստանյան շուկայում, քանի որ գովազդատուներն էլ են պահպանողական եւ չեն հավատում առցանց լրատվամիջոցներով գովազդի արդյունավետությանը:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, խոսելով հայաստանյան գովազդի որակի մասին, լեզվական առումով այն բաժանեց երեք մասի՝ ընդունելի, ճիշտ հայերենով գովազդ, ռուսերենով գովազդը, որն ուղեկցվում է հայերեն ենթագրերով եւ «ժարգոնով, փողոցային բառապաշարով, նորահնար բառերով եւ բառախաղերով հայերեն, որն ապտակ է հայոց լեզվին»:

Մանանա Ասլամազյանը բացի լեզվական թերություններից առանձնացրեց հայաստանյան գովազդային դաշտի քիչ կրեատիվությունը.

«Հայկական գովազդները իմ կարծիքով շատ տխուր են եւ միատեսակ: Գուցե չունենք լավ դիզայներներ, որովհետեւ լավ գովազդը շատ թանկ է, գուցե այն պատճառով, որ միշտ փորձում ենք հետեւել արտասահմանյան գովազդներին, չենք մտածում, որ կարելի է սեփականը ստեղծել»:
XS
SM
MD
LG