Մատչելիության հղումներ

Օբաման եւ Ռոմնին վերջին հեռուստաբանավեճն անցկացրեցին


ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Միթ Ռոմնին (ձ) եւ Բարաք Օբաման երրորդ անգամ են բանավիճում, Ֆլորիդա, 22-ը հոկտեմբերի, 2012

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Միթ Ռոմնին (ձ) եւ Բարաք Օբաման երրորդ անգամ են բանավիճում, Ֆլորիդա, 22-ը հոկտեմբերի, 2012

Ընտրություններից երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական եւ դեմոկրատ թեկնածուները երկուշաբթի օրը վերջին հեռուստաբանավեճն անցկացրին՝ ուղիղ եթերում դեմ առ դեմ ներկայացնելով իրենց մոտեցումները երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Փորձագետները բանավեճից ժամեր անց չեն շտապում արձանագրել որեւէ թեկնածուի հաղթանակը, քանի որ բավական դժվար է եղել հաշվել, թե թեկնածուներից ով ավելի լավ տպավորություն թողեց ընտրողների վրա. պարզապես արտաքին քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ Բարաք Օբաման ու Միթ Ռոմնին էական հակասություններ չունեն։

Այնուամենայնիվ, ըստ որոշ վերլուծաբանների, Օբամային հաջողվել է որոշակի առավելության է հասնել Ռոմնիի նկատմամբ: Օբաման շահեկան դիրքերում է եղել թերեւս այն իմաստով, որ Ռոմնին գործող իշխանության քաղաքական գծից տրամագծորեն տարբերվող որեւէ նոր տեսակետ չի հայտնել։

Հեռուստաեթերի 90 րոպեների ընթացքում դեմոկրատ Օբաման փորձել է ամեն կերպ ցույց տալ, թե որքան անպատրաստ է իր մրցակիցը ստանձնելու երկրի գերագույն հրամանատարի դերը: Ռոմնիի ելույթի առանցքում էլ շեշտադրումն է եղել, թե Օբամայի պաշտոնավարման օրոք Ամերիկան զգալիորեն թուլացրել է դիրքերը համաշխարհային ասպարեզում։

Նախագահի աթոռի համար պայքարող երկու թեկնածուներն էլ խոստանում են պաշտպանել Իսրայելը, թույլ չտալ, որպեսզի Իրանը միջուկային զենք ստանա: Օբաման էլ, Ռոմնին էլ միակարծիք են, որ ըստ սահմանված ժամանակացույցի` սկսած 2014 թվականից, ամերիկյան զինուժը պետք է դուրս բերվի Աֆղանստանից: Իսկ Միացյալ Նահանգների առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերը երկու թեկնածուների համար էլ ահաբեկչությունն է։

Բարաք Օբաման հայտարարել է, թե Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները էական ազդեցություն են ունեցել այդ երկրի տնտեսության վրա: Նախագահի դեմոկրատ թեկնածուն խոստացել է, որ իր պաշտոնավարման օրոք Իրանը երբեք միջուկային զենք չի արտադրի:

«Նրանց արտարժույթն ընկել է 80 տոկոսով, իսկ նավթարդյունահանումը հասել նվազագույն աստիճանի։ Այդ երկրի տնտեսությունը անկման մեջ է։ Մենք դա արել են միայն մի պատճառով` Իրանի միջուկային ծրագիրը սպառնում է մեր ազգային անվտանգությանը, սպառնում է Իսրայելի անվտանգությանը», - ասել է Օբաման։

Միթ Ռոմնին էլ, պատասխանելով Պակիստանին վերաբերող հարցին, ընդունել է, որ իրավիճակն իսկապես բարդ է՝ ընդգծելով, սակայն, որ Վաշինգտոնը չպետք է խզի հարաբերությունները Իսլամաբադի հետ, քանի որ զարգացող Պակիստանը ապագայում կարող է լուրջ վտանգ ներկայացնել:

«Մենք պետք է ջանքեր ներդնենք խրախուսելու Պակիստանին շարժվելու դեպի ավելի կայուն կառավարում», - ասել է նա։

Հեռուստաբանավեճի ընթացքում չի շրջանցվել Ռուսաստանի թեման. եթե Ռոմնին Մոսկվայի հետ ավելի կոշտ քաղաքականության կողմնակից է, ապա Օբամայի կարծիքով՝ այդպիսի մոտեցումը հիշեցնում է «սառը պատերազմի» տարիները։

Փորձագետները ընդգծում են, որ երկու թեկնածուներն էլ ուղիղ եթերում թույլ չտվեցին այնպիսի էական սխալներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընտրողների կարծիքի վրա։ Ի դեպ, ուսումնասիրությունները վկայում են, որ տասը տոկոսից էլ քիչ ամերիկացիների է հետաքրքրում երկրի արտաքին քաղաքականությունը: Քվեարկելիս ընտրողների ճնշող մեծամասնությունն առաջնորդվելու է թեկնածուների՝ տնտեսությանը, աշխատատեղերին վերաբերող նախընտրական խոստումներին։

Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ստեփանի Սանոկի խոսքով, թեկնածուներն իրենք էլ սա շատ լավ գիտեն դա, ուստի ողջ բանավեճի ընթացքում պարբերաբար փորձում էին անդրադառնալ ներքաղաքական թեմաներին:

«Ինձ ապշեցրեց այն, որ երկու թեկնածուներն էլ լայն հնարավորություն ունեին խոսելու ԱՄՆ-ը ղեկավարելու տեսլականի մասին, մի բան, սակայն, որ այդպես էլ չլսեցինք։ Սա ոչ ոքի էր։ Չեմ կարծում, թե որեւէ կողմ հաղթանակի զգացողությամբ հեռացավ բանավեճից», - ասում է Սանոկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG