Մատչելիության հղումներ

Հայ - ադրբեջանական «կլոր սեղան» Մոսկվայում


«Պրեզիդենտ հոթել» հյուրանոցը Մոսկվայում

«Պրեզիդենտ հոթել» հյուրանոցը Մոսկվայում

Երեքշաբթի օրը Մոսկվայում նախատեսված է հայ - ադրբեջանական «կլոր սեղան», որը կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը։

Այս հանդիպման կազմակերպչական աշխատանքները սկսվել էին դեռ մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու մասին։

Այն ժամանակ Ռուսաստանի հայերի միությունը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել, որում նաեւ կոչ էր արել Ռուսաստանի իշխանություններին` ապահովել հայերի անվտանգությունը երկրում։

Հատկապես սեպտեմբերի սկզբին բավականին սրված էին հայ - ադրբեջանական հարաբերությունները նաեւ Ռուսաստանում, հատկապես` ռուսական ինտերնետում եւ երիտասարդների շրջանում։ Հետո ծագեց հայ - ադրբեջանական «կլոր սեղան» կազմակերպելու գաղափարը, որին ներկա կլինեն ազգությամբ հայ եւ ադրբեջանցի մտավորականներ։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, մասնակիցների թվում են լինելու համայնքային կազմակերպությունների ղեկավարները, պարզապես մտավորականներ, ընդ որում` տարբեր տարիքի եւ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։ Հանդիպումը անցնելու է «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցում, հայկական կողմը ներկայացնելու են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը եւ մի շարք այլ գործիչներ, իսկ ադրբեջանական կողմից ներկա կլինեն Ադրբեջանի նախկին վարչապետ Աբաս Աբասովը, գրող Չինգիզ Հուսեյնովը։

Ռուսաստանի ադրբեջանցիների միությունում կարծիք են հայտնել, որ նման հանդիպումները կնպաստեն երկու ժողովուրդների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատմանը եւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։

Այս հանդիպումը, փաստորեն, անցնելու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին, որը կկայանա, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ Փարիզում, ինչպես հայտարարել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։

Ներկայումս միայն Մոսկվայում ապրում է մոտ մեկ միլիոն հայ եւ նույնքան ադրբեջանցի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG