Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է երկրի արեւելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:

Այնուհետ, նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Սերժ Սարգսյանը եւ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել Զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարները ներկա են գտնվել Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում: Սարգսյանը եւ Սահակյանը զորամասերից մեկում մասնակցել են նաեւ Սուրբ Գեւորգ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետ Զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահներն այցելել են նաեւ Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքավայր, որն արդեն սկսել է քարածխի արտահանումը Հայաստան՝ «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ում ջուր-ածխային եղանակով (ՋԷԿ-ի հին էներգաբլոկների վերազինմամբ եւ շահագործմամբ) էլեկտրաէներգիայի արտադրություն ապահովելու համար: Էներգետիկայի եւ հանքարդյունաբերության ոլորտների համար ներդրումային կարեւոր այս ծրագիրը, տնտեսության զարգացումը խթանելուց զատ, որոշակիորեն կբարձրացնի նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահներին ներկայացրել են, որ Մաղավուզի հանքավայրում կառուցվում է նաեւ քարածխի հարստացման կոմբինատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG