Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը


Armenia -- "Harsnakar" restaurant in Yerevan, undated

Armenia -- "Harsnakar" restaurant in Yerevan, undated

«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալներն այսօր Ավան եւ Նոր Նորք համայնքների դատարանում նույն ձեւակերպումներով ասացին, թե մեղադրանքը պարզ չէ։

Մեղադրող Արթուր Դավթյանը մեղադրական եզրակացությունը հրապարակեց ամբաստանյալներից յուրաքանչյուրի մասով՝ առանձին:

Նա նախ հրապարակեց այս գործով առաջինը ձերբակալված, 28-ամյա Գարիկ Մարգարյանին վերաբերող մեղադրական հատվածը․ - «Գարիկ Աշոտի Մարգարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի եւ Դավիթ Ադամյանի հետ ծեծի է ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին՝ Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով»։

Գարիկ Մարգարյանը, որը ձերբակալվել է առաջինը, առաջինն էլ հայտարարեց, թե մեղադրանքը պարզ չէ եւ նշեց, որ մեղադրանքը չի ընդունում։

Մյուս ամբաստանյալների վերաբերյալ հաջորդիվ հրապարակված մեղադրական եզրակացության հատվածները եւս միմյանցից տարբերվում էին միայն ամբաստանյալների անուն ազգանուններով:

Մեղադրական եզրակացության՝ 6 ամբաստանյալներից յուրաքանչյուրին վերաբերող շարադրանքի համաձայն, Դավիթ Ադամյանը հունիսի 17-ին Վահե Ավետյանի՝ սպորտային համազգեստ կրելու պատճառով վիճաբանել է վերջինիս հետ եւ վիճաբանությունը շարունակելու նպատակով նրան հրավիրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակ, որտեղ բռունցքով հարվածել է Վահե Ավետյանի դեմքին: Սակայն Դավիթ Ադամյանն ասաց, թե ինքը այնտեղ չի եղել, վիճաբանությանը չի մասնակցել։

Մեղադրանքը չհասկանալու մասին հայտարարող ամբաստանյալներից Արման Խաչատրյանի պաշտպան Լալայանի բնորոշմամբ՝ մեղադրանքը ներկայացվել է շաբլոն ձեւով: Նա բացարկ հայտնեց դատավորին եւ դատախազին։ Երկու բացարկներն էլ մերժվեցին:

Ապա դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգը որոշելու հարցին: Կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումները, դատարանը ապացույցների հետազոտման կարգի վերաբերյալ որոշումը կհրապարակի հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 24-ին:
XS
SM
MD
LG