Մատչելիության հղումներ

Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալների համաձայն, այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 97 հազար մարդ` 7 հազարով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Ոլորտի մասնագետները այս տարվա ցուցանիշի վերաբերյալ վերջնական գնահատականներ դեռեւս չեն հնչեցնում` սպասելով տարեվերջի ցուցանիշներին, երբ Հայաստան կվերադառնան աշխատանքային միգրանտները:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրեց աննախադեպ տեմպերով Հայաստանի բնակչության ծերացման խնդիրը: Ըստ նրա, տարեկան Հայաստանից հեռացողները կազմում են Հայաստանի բնակչության 1.5 տոկոսը, ինչը բնակչության կառուցվածքի փոփոխություն ու ազգային անվտանգության խնդիր է:

2024 թվականին, ըստ Հայրապետյանի, բնակչության մի ստվար մասը տարեցներ կլինեն, իսկ 2050 թվականին Հայաստանում միջին տարիքը կլինի 50-ը:

Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից, միգրացիոն հարցերով փորձագետ Միհրան Գալստյանի ներկայացմամբ` եթե արտագաղթի համար կարեւոր գործոն համարվող սոցիալական խնդիրները լուծում ստանան Հայաստանում, ամեն տարի երկիրը մշտապես լքողների թիվը կնվազի:

Գալստյանի դիտարկմամբ, Հայաստանից հեռացողների մեծ մասը հեռանում են ոչ թե ավելի լավ ապրելու ակնկալիքով, այլ օրվա հացը վաստակելու համար. - «Նրանք հիմնականում Ռուսաստանի Դաշնություն են մեկնում, որտեղ գոնե կարողանում են նորմալ ապրել: Այդքան մեծ գումարներ էլ չեն վաստակում... Այդ գումարների որոշ մասը եթե ապահովվի այստեղ, ես կարծում եմ, որ նրանց մի մասը չի գնա Հայասատնից»:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասում է, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է իր հետագա ծրագրերում հաշվի առնել կանխատեսումները միգրացիայի վերաբերյալ, եւ արդեն նման փորձեր կան:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Բնակչության ծերացման հետեւանքներից բխող հիմնախնդիրների լուծման ու տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիր»:
XS
SM
MD
LG