Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն որոշել է առաջիկայում Օսկանյանին դարձնել ԵԽԽՎ պատվիրակ


Հայաստան - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ, Երեւան, արխիվ

Հայաստան - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ, Երեւան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հույս ունի այդպիսով նրան զերծ պահել կալանքից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է առաջիկայում նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանին դարձնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ՝ հույս ունենալով նրան զերծ պահել հնարավոր կալանքից։

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր տեղեկացրեց, որ նախկին արտգործնախարարը դեմ չէ դառնալ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ։

Օսկանյանի երկու կուսակից պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը, ավելի վաղ պատրաստակամություն էին հայտնել խորհրդարանական վեհաժողովի անդամի իրենց տեղը զիջել Օսկանյանին՝ պատճառաբանելով, թե ԵԽԽՎ պատգամավոր լինելը Եվրոպայի խորհրդի անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ անձեռնմխելիությամբ։ ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով, կարեւոր չէ, թե ում կփոխարինի Օսկանյանը ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունում։

«Կարեւորը, որ իսկապես այդ փոփոխությունը կատարվի, որը մեր գործընկերոջը լրացուցիչ իմունիտետ կտա նաեւ այս հարցում», - նշեց Նաիրա Զոհրաբյանը։ - «Նոյեմբերին – դեկտեմբերին, մինչեւ հունվարյան լիագումար նիստը նախատեսված են հանձնաժողովի նիստեր, մենք այդ տեխնիկական փոփոխությունը կկատարենք»։

Հիշեցնենք՝ Հայաստանի խորհրդարանը Օսկանյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նախկին արտգործնախարարը այժմ որպես մեղադրյալ է ներգրավված Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործում։ «Բարգավաճ Հայաստան»-ը Օսկանյանի դեպքում չի բացառում ցանկացած զարգացում, այդ թվում վերջինիս կալանավորելու վերաբերյալ՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։

Չեմ կարծում, որ ձերբակալության խնդիր կա ...

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անհրաժեշտ չհամարեց գնահատել Վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունում անդամ փոփոխելու՝ ԲՀԿ որոշումը, քանի որ, նրա խոսքով, դա կուսակցության որոշումն է։ ՀՀԿ ներկայացուցիչը, սակայն, կարծիք հայտնեց, որ Օսկանյանին կալանվորելու միջնորդություն Ազգային ժողով չի բերվի։

«Չեմ կարծում, որ ձերբակալության խնդիր կա, որովհետեւ ըստ էության այն, ինչը որ ներկայացվում է, դրա ամբողջ քննարկումները, վերլուծությունները, բնականաբար, չեն հանգեցնի նման իրողությանը», - մասնավորապես ասաց Գալուստ Սահակյանը։

Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը հաստատում է խորհրդարանի ղեկավարը՝ խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների հետ։ Մինչեւ այժմ չի եղել դեպք, որ ԱԺ նախագահը չհաստատի այս կամ այն խմբակցության ներկայացրած թեկնածուին։

Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դադարեցրել է ավելի վաղ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու փաստով պայմանավորված բոյկոտն ու վերադարձել խորհրդարանական աշխատանքի։
XS
SM
MD
LG