Մատչելիության հղումներ

Թուրքիան` լրագրողների ձերբակալության «առաջատար»


Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

2012-ի օգոստոսի 1-ի դրությամբ թուրքական բանտերում է պահվել 76 լրագրող։ 2011-ի տարեվերջի դրությամբ կար լրագրողներին վերաբերող մոտ 5 հազար անավարտ գործ։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն երկուշաբթի օրը հրապարակել է զեկույց, որի համաձայն` Թուրքիան աշխարհում «առաջատարն» է բանտարկված լրագրողների թվով։

Նյու Յորքում տեղակայված իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ասվում է, որ այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ թուրքական բանտերում է պահվել 76 լրագրող, ընդ որում, ըստ հավաստի տեղեկությունների, նրանցից առնվազն 61-ը ազատազրկվել է մասնագիտական գործունեության համար։ Մնացած 15-ի բանտարկության հանգամանքները Լրագրողների պաշտպանության կոմիտեն դեռ ուսումնասիրում է։

Զեկույցում նշվում է, որ ազատազրկված լրագրողների մոտ 70 տոկոսն ազգությամբ քուրդ է, 30 տոկոսը մեղադրվում է կա՛մ հակապետական հեղաշրջում ծրագրելու, կա՛մ Թուրքիայում օրենքից դուրս հայտարարված կազմակերպություններին անդամակցելու մեղադրանքներով։

Ազատազրկված լրագրողների երեք քառորդի գործերով դատարանները վճիռներ դեռ չեն կայացրել, եւ ամբաստանյալները սպասում են դատավարությունների մեկնարկին։

Կոմիտեն նշում է, որ «ազատազրկված լրագրողներին ներկայացված մեղադրանքների հիմքում հաճախ դրվում են անվտանգության կառույցների ծառայողների հետ զրույցները կամ գաղտնի համարվող փաստաթղթեր հայթայթելու փորձերը»։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնն անընդունելի է համարում այն, որ Թուրքիայում անվտանգության ապահովման նպատակով նույն հարթության վրա են դիտում քննադատական լրագրությունը եւ ահաբեկչությունը։

2011-ի տարեվերջի դրությամբ Թուրքիայում կար լրագրողների նկատմամբ հարուցված մոտ 5 հազար անավարտ գործ։

Զեկույցում քննադատվում է նաեւ այն, որ Թուրքիայի իշխանությունները հատկապես քրդական կայքերի դեպքում են կիրառում տեղում որոշում կայացնելու հնարավորություն ընձեռող` համացանցի մասին 2007 թվականի օրենքը։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին հորդորում է «դադարեցնել հարձակումները մամուլի վրա, արդարություն ապահովել լրագրողների համար եւ իրագործել մամուլի ազատությանն ուղղված բարեփոխումներ»։

«Որպես հետզհետե հզորացող տարածաշրջանային եւ համաշխարհային տերություն` Թուրքիան, քաղաքական եւ տնտեսական նվաճումների հետ մեկտեղ, պետք է երաշխավորի նաեւ տեղեկատվություն, լուրեր եւ գաղափարներ փոխանակելու համընդհանուր իրավունքը», - ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG