Մատչելիության հղումներ

Գեներալ Վիսամ ալ-Հասանի հուղարկավորությունից հետո երկրում բախումները շարունակվում են։

«Լարվածությունը հասել է աննախադեպ աստիճանի»

Լիբանանի բանակը, որը այդ երկրում մեծ հեղինակություն վայելով հաստատություն է, իր խիստ տեսակետն է հայտնել վերջին զարգացումների վերաբերյալ։

«Երկիրը հայտնվել է վճռական եւ կրիտիկական փուլում, լարվածությունը որոշ շրջաններում հասել է աննախադեպ աստիճանի։ Քաղաքական բոլոր առաջնորդները պարտավոր են զգուշավոր լինել իրենց տեսակետները հրապարակելիս եւ չփորձեն հանրությանը դրդել ինչ-ինչ գործողությունների, քանի որ այս պահին երկրի ճակատագիրն է որոշվում», - հայտարարել են զինվորականները։


ԱՄՆ-ը պատրաստ է սատարել գործի քննությանը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ։ Պետքարտուղարը խստորեն դատապարտել է Բեյրութի քրիստոնեական թաղամասում անցած ուրբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը, որի հետեւանքով սպանվել է 8 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Զոհերից մեկը ազգությամբ հայ կին է` Ժորժետ Սարգսյան։

Քլինթոնը Միքաթիին խոստացել է, որ ամերիկացիները կօգնեն լիբանանցիներին ուրբաթ օրվա ահաբեկչության հանգամանքները քննելու հարցում։

Զոհերի թվթում է նաեւ ահաբեկչության թիրախը` Լիբանանի ներքին զորքի անվտանգության վարչության պետ, բրիգադի գեներալ Վիսամ ալ-Հասանը։


Սիրաիական հե՞տք

Մերձավոր Արեւելքի հիմնախնդիրներն ուսումնասիրող վերլուծաբանների մեծ մասը համոզված է, որ 47-ամյա ալ-Հասանի սպանությունը Դամասկոսի հատուկ ուժերն են ծրագրել, քանի որ գեներալը ներկայացրլ է որպես Լիբանանը Սիրիայի ազդեցության գոտուց դուրս բերելու գաղափարի ջատագով։

Նրա խմբի իրականացրած հետաքննության արդյունքում ամռանը ձերբակալվել է սիրիամետ դիրքորոշման քաղաքական գործիչներից Լիբանանի տեղեկատվության նախկին նախարար Միշել Սամահան, ով մեղադրվում է Լիբանանում միջկրոնական բախումներ հրահրելու նպատակով ահաբեկչական պայթյուններ կազմակերպելու մեջ։

Ըստ քննիչների, Սամահան դա արել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի պատվերով։

Լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ում անունը չի հաղորվում, ասել է, թե այդ նախկին նախարարը խոստովանել է, որ անձամբ իր մեքենայով Սիրիայից Լիբանան է փոխադրել ահաբեկչության համար անհրաժեշտ պայթուցիկներ։


Սունիները սատարում են Սիրիայի ապստամբներին, շիաները` Ասադին

Լիբանանն ակամա ներքաշված է Սիրիայի հակամարտության մեջ, քանի որ լիբանանցի սունի մահմեդականներն աջակում են Սիրիայի ապստամբներին, իսկ շիա մահմեդականները` Բաշար ալ-Ասադին։

Գեներալի հուղարկավորությունից հետո Բեյրութում տեղի են ունեցել ընդհարումներ հուղարկավորության մասնակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ։ Վրդովված ամբոխը վարչապետ Միքաթիին անվանում է «Դամասկոսի խամաճիկ»։ Անցած գիշեր եւս Բեյրութում փոխհրաձգություն է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG