Մատչելիության հղումներ

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2012 թվականի հունվար - սեպտեմբեր ամիսների կտրվածքով երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.6 տոկոսով:

Ընդ որում` արդյունաբերական արտադրանքի եւ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների ցուցանիշների աճը տնտեսական ակտիվության ընդհանուր համատեքստում արտահայտվել են երկնիշ թվերով` համապատասխանաբար 11.6 եւ 10.5 տոկոս:

Նույն ժամանակահատվածում առեւտրաշրջանառությունն աճել է 3, ծառայությունների ծավալը` 11.2 տոկոսով:

Բացասական ցուցանիշ է գրանցել շինարարությունը` նվազելով 2 տոկսով:

Արտահանման ծավալները աճել են 6, իսկ ներկրմանը` 1.2 տոկոսով:
Գնաճը կազմել է 2.3 տոկոս: Միջին աշխատավարձը, մինչդեռ, անցած տարվա նշված ժամանակահատվածի համեմատ աճել է 5.3 տոկոսով:

«Օրակարգ» թերթի տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց ընթացիկ տարվա ընդհանուր միտումների վրա, որոնք «այնքան էլ դրական չեն». - «9 ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը դանդաղման միտում է արդեն ունենում, որովհետեւ 8 ամիսներին մենք ունեցել ենք 8.3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ»:

Չատինյանի համոզմամբ` հաշվի առնելով նախկին տարիների փորձը, տարվա վերջին եռամսյակի ավարտին նվազման միտումները կշարունակվեն, մասնավորապես` պայմանավորված ՀՆԱ-ի ձեւավորման մեջ կարեւոր դերակատություն ունեցող գյուղատնտեսական սեզոնի փակմամբ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի բարձր` շուրջ 10 տոկոսի աճը վերլուծաբանը պայմանավորում է անցած տարի այս ոլորտում գրանցված աճի ցածր տեմպերով. հաշվարկման բազային շեմը իջել է, ինչը այս տարվա բերքատվության բավականաչափ բարձր ծավալների պայմաններում հանգեցրել է երկնիշ աճի:

«Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, մենք իսկապես ունենք երկնիշ տնտեսական աճ, բայց եթե նայում ենք նույնպես միտումների մեջ, ապա տեմպի դանդաղում է տեղի ունենում», - նշեց վերլուծաբանը:

Նրա խոսքով, արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում փոփոխություններ չկան. - «Հիմնականում գերակշռում է հանքահումքայինը, վերամշակող արդյունաբերությունը: Քանի որ այս տարի գյուղատնտեսությունը բարենպաստ է եղել… արդյունաբերական աճին որոշակիորեն մուլտիպլիկատիվ էֆեկտով ազդեցություն է թողել գյուղատնտեսությունը»:

Այդուհանդերձ, Արմենակ Չատինյանի կանխատեսմամբ` տարվա ավարտին կառավարությանը կհաջողվի առնվազն վիճակագրության տեսքով ապահովել նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած տնտեսության 7 տոկոսի աճի խոստումը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG