Մատչելիության հղումներ

Այժմ հաջող հանձնելով մեկ տեսական եւ արդեն մեկ գործնական քննությունները` քաղաքացին կարող է վարորդական վկայական ստանալ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում, երբ վարորդական վկայական ստանալու համար տեսական քննությունն արդեն հանձնվում է համակարգչի միջոցով, հնարավոր է վարորդական վկայական ստանալ առանց կաշառքի:

«Բոլորս գիտենք, որ եթե ոչ բոլորը, ապա 99 տոկոսը վարորդական վկայական նախկինում ստանում էին գումարով: Վերջին մեկ տարվա ընթացքում իրատեսական է վկայական ստանալ նաեւ առանց գումարի: Վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վարորդական վկայական ստացողների՝ մոտ 35.000 վարորդի վերաբերյալ կարող եմ ասել, որ մեծամասնությունը ստացել են գիտելիքների հիման վրա»:

Մեզ հանդիպած քաղաքացիները նշում էին 40.00 -150.000 դրամ կաշառք, որ վճարել են վարորդական վկայական ստանալու համար,

«Ես 150.000 դրամ եմ տվել, որովհետեւ տենց մարդ չկա, որ կարող է մեքենան վարելու գործնական թեստը անսխալ հանձնել, կարող է սխալ նստելուց, կամ ամրագոտին սխալ գցելուց չհանձնես քննությունը», - ասաց քաղաքացիներից մեկը:

«Ես վկայականը ստացել եմ 2010-ին, 40.000 դրամ կաշառքով: Ոստիկանը զայրացած էր եւ «կտրեց» ինձ քննությունից, հետո ասեց, որ հաջորդ օրը գամ, գումարը տամ, կստանամ: Այդպես էլ արեցի», - ասաց մեկ այլ քաղաքացի:

Սակայն նրանք չէին հերքում նաեւ առանց կաշառքի վարորդական վկայական ստանալու հնարավորությունը՝ նշելով, որ այդպիսի ընկերներ ունեն:

Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ այս մասով ամեն դեպքում բողոքներ դեռ չունեն: Փոխարենը նա մատնանշեց ճանապարհային երթեւեկության կազմակերպման այլ խնդիրներ` շեշտելով, որ ճանապարհային երթեւեկությունը հիվանդ վիճակում է: Որպես դրա օրինակ նա նշում է Ռուբինյանց փողոցում տեղադրված արագությունը մինչեւ 40 կմ/ժ սահմանափակող նշանը, որը տեսանելի չի եղել վարորդների համար, սակայն նրանք տուգանվել են այդ հատվածում արագությունը գերազանցելու համար:

«Մեր հաշվարկով մոտավորապես 350 հայցադիմում կա վարչական դատարանում հենց Ռուբինյանց փողոցի վերաբերյալ», - ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
XS
SM
MD
LG