Մատչելիության հղումներ

Հայաստանյան 8 բուհերում ընթանում է հավատարմագրման գործընթաց


Armenia - an image for education

Armenia - an image for education

Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում 2012-ի մարտից հայաստանյան 8 խոշոր բուհերում սկսվել է հավատարման գործընթաց: Այդ բուհերն են Երեւանի պետական, բժշկական, ճարտարագիտական, լեզվաբանական, ագրարային համալսարանները, կոնսերվատորիան, եւ Հյուսիսային եւ Գլաձոր մասնավոր համալսարանները:

Հավատարմագրման գործընթացն իրականացնում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:

Միջազգային փորձագետները շուրջ 2 տարի աշխատելու ոն կենտրոնի եւ հայաստանյան բուհերի հետ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ Հայաստանում նման գործընթաց առաջին անգամ է իրականացվում:

«Բուհերը պետք է ներկայացնեն, ոչ թե ինչ են արել, այլ ինչ արդյունք են տվել իրենց արածները», - ասաց Թոփչյանը:

Արդեն 3 բուհեր ներկայացրել են ինքնավերլուծություններ, մյուսներն էլ պետք է դա անեն մինչեւ դեկտեմբեր, որպեսզի միջազգային փորձագետները ծանոթանան դրանց, մատնանշեն դրական եւ բացասական կողմերը, այցելեն բուհեր:

Թոփչյանը նշում է, որ գործընթացը խթան կհանդիսանա, որպեսզի բուհերը, դասախոսները վերանայեն իրենց ծրագրերը, մեթոդները, դասագրքերը, դասախոսությունները, դասավանդման ձեւերը եւ այլն:

«Հաճախ այս գործընթացը շփոթում են միջազգային հավատարմագրման հետ», - ասում է Թոփչյանը եւ հավելում, որ սա միջազգային հավատարմագրում չէ, սակայն այս աշխատանքների շնորհիվ հավատարմագրված բուհերի ուսանողների կրեդիտները կարող են ճանաչվել Եվրոպայում:

«Բուն միջազգային հավատարմագրմանն գործընթացը կարող է տեւել մոտ 10 տարի: Հայաստանում ամերիկյան համալսարանը հավատարմագիր ստացավ 7 տարվա աշխատանքի արդյունքում», - ասաց Ռուբեն Թոփչանը:

Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Ալեքսաանդր Գրիգորյանը նշում է, որ սա իհարկե լրացուցիչ եւ դժվարին աշխատանք է, բուհը նախապատրաստում է կառավարության կողմից հաստատված 10 չափանիշների վերաբերյալ ինքնավերլուծություն:

Անդրադառնալով միջազգային հավատարմագրմանը` Գրիգորյանը նշեց, որ բուհն այդքան գումար չունի, որպեսզի սկսի եւ ավարտին հասցնի գործընթացը:

8 բուհերի հավատարմագրման գործընթացը կավարտվի 2014 թվականին:
XS
SM
MD
LG