Մատչելիության հղումներ

Եվրադատարանը Տեր-Պետրոսյանի բողոքը մասնակի է ընդունել քննության


Հայաստան -- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկության ժամանակ, Երեւան, 6-ը մայիսի, 2012թ․

Հայաստան -- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկության ժամանակ, Երեւան, 6-ը մայիսի, 2012թ․

Վարույթ չի ընդունվել, մասնավորապես, 2008-ի նախագահական ընտրություններում ազատ ընտրության իրավունքի խախտումը ճանաչելու պահանջը։

Հայաստանի կառավարությունը Եվրադատարանից եւս երկու ամիս ժամանակ է խնդրել՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի վերաբերյալ Եվրադատարանի հարցադրումներին պատասխանելու համար։

Եվրադատարանի՝ այս տարվա հուլիսին ուղարկված հարցերին պատասխանելու ժամկետը լրանում էր սեպտեմբերի 7-ին, բայց սահմանված ժամկետում հարցերի պատասխանները չեն ուղարկվել։

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանն ուղղված հարցադրումներում մասնավորապես հետաքրքրվել է, թե 2008-ի մարտի 1-ի առավոտյան խաղաղ հավաքը ցրելով արդյոք չի խախտվել խաղաղ հավաքներ անցկացնելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իրավունքը, արդյոք մարտի 1-ի առավոտյան նա հարկադրաբար տեղափոխվե՞լ է Ազատության հրապարակից եւ ենթարկվել կալանքի, եւ եթե այո՝ ապա դրանով արդյոք չի խախտվել նրա անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքը եւ երրորդ՝ արդյոք Տեր-Պետրոսյանի նկատմամբ չի ցուցաբերվել խտրական վերաբերմունք։

Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել այս հարցերին պատասխանել մինչեւ նոյեմբերի 7-ը, որից հետո Եվրադատարանը այս գործով վճիռ կկայացնի։

Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Եվրադատարանը ֆիլտրել է Տեր-Պետրոսյանի բողոքը եւ այն մասնակի է ընդունել քննության։ Մասնավորապես, Հայաստանի առաջին նախագահի պահանջն է եղել ճանաչել ազատ ընտրության իրավունքի խախտումը, արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակումը, իր անձնական ազատության, տեղաշարժի ազատության, խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքների խախտումները եւ իր նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստը։

Եվրադատարանը, ըստ փաստաբանի, վարույթ չի ընդունել արտահայտվելու ազատության եւ ազատ ընտրության իրավունքի խախտումների մասը։

«Այսինքն, հստակ արտահայտվել է, որ Կոնվենցիայի արձանագրության 3-րդ հոդվածի մասով, մասնավորապես ազատ ընտրության իրավունքի մասում, դիմումը վարույթ չի ընդունվել», - պարզաբանեց փաստաբանը։ - «Այս մոտեցումը որեւէ կերպ չի պատճառաբանված դատարանի որոշմամբ, բայց ես կարծում եմ, որ այն պայմանավորված է դատարանի այն հետեւողական դիրքորոշմամբ, որ նախագահական ընտրությունները չեն կարող դիտվել որպես օրենսդիր իշխանության ընտրություններ։ Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի արձանագրության 3-րդ հոդվածի բերումով, քննում է միայն օրենսդիր իշխանության ընտրությունների հարցեր։ Այս հարցում, իմ կարծիքով, դատարանը խիստ ձեւական մոտեցում է վերցրել»։

Այդուհանդերձ, փաստաբանը որեւէ արտառոց բան չի տեսնում գանգատը մասնակի քննելու մեջ։

«Որպես կանոն այդպես է։ Եվրոպական դատարան ներկայացված դիմումների ճնշող մեծամասնությունը միանշանակ քննության չի ընդունվում բողոքի ողջ ծավալով։ Որպես կանոն այդ դիմումները ֆիլտրվում են», - նշեց Վահե Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG