Մատչելիության հղումներ

logo-print

«Ազատ դեմոկրատները» այլեւս չեն ներկայացնելու «Ժառանգություն»-ը


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներ, Ազգային ժողովի պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը «Ժառանգություն» կուսակցության համագումարի ժամանակ, Երեւան, 16-ը մարտի, 2012թ.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներ, Ազգային ժողովի պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը «Ժառանգություն» կուսակցության համագումարի ժամանակ, Երեւան, 16-ը մարտի, 2012թ.

«Ազատ դեմոկրատներ»-ը այլեւս չեն ներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը։ Այս մասին երկուշաբթի օրը «Ժառանգություն» խմբակցության նիստից հետո հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած Խաչատուր Քոքոբելյանը։

«Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարը այդ որոշման մասին այսօր պաշտոնապես հայտարարեց նաեւ Ազգային ժողովի նիստի ժամանակ։

«Ես եւ Ալեքսանդր Արզումանյանը, ֆորմալ առումով մնալով խմբակցության անդամ, կներկայացնենք «Ազատ դեմոկրատներ»-ին», - մասնավորապես ասաց Քոքոբելյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իր հերթին հայտարարեց, որ Խաչատուր Քոքոբելյանը այլեւս որեւէ ձեւաչափով չի ներկայացնելու իրենց խմբակցությունը։

Այսպիսով, նույն ցուցակով խորհրդարան մտած երկու քաղաքական ուժերը պաշտոնապես հայտարարեցին համագործակցության ավարտի մասին։

«Ժառանգություն» խմբակցությունը այսուհետեւ կներկայացնեն Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը եւ այսօրվանից պատգամավորի լիազորությունները ստանձնած անկուսակցական Թեւան Պողոսյանը։

«Ազատ դեմոկրատներ»-ից Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանն էլ, մնալով խմբակցությունում, այն իրականում չեն ներկայացնի։

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը թույլ է տալիս Խաչատուր Քոքոբելյանին դուրս գալ խմբակցությունից, քանի որ նա «Ժառանգության» համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում է։ Մինչդեռ, Ալեքսանդր Արզումանյանը խմբակցությունից դուրս գալու իրավունք չունի եւ թերեւս Արզումանյանին մենակ չթողնելու համար այս պահին որոշում է կայացվել ֆորմալ առումով մնալ խմբակցությունում։

Փոխադարձ մեղադրանքներ


Այսօր ինչ էլ տեղի է ունենում` տեղի է ունենում նախագահական ընտրություններին ընդառաջ ...

Թե որն էր տարաձայնությունների պատճառը` «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարը չմանրամասնեց, սակայն ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` արդյոք դա կապվա՞ծ է առաջիկա նախագահական ընտրությունների հետ, ասաց, որ «անշուշտ, այսօր ինչ էլ տեղի է ունենում` տեղի է ունենում նախագահական ընտրություններին ընդառաջ»։

«Ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ, զուտ դիրքավորվելու առումով․․․ ցավոք սրտի՝ նաեւ որոշ ընդդիմադիր գործիչներ, խարխափում են երկու բեւեռների միջեւ։ Իմ գնահատականով, դա իշխանական երկու բեւեռներ են՝ նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բայց քաղաքական գնահատականներից առայժմ զերծ կմնամ», - հավելեց նա։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` կարելի՞ է ասել, որ առաջիկա նախագահական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ»-ը չի սատարելու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, Քոքոբելյանը արձագանքեց. - «Կարծում եմ, այդ հարցը այլեւս ավելորդ է»։ Նա չբացառեց, որ իրենց կուսակցությունում քննարկվեն այլ նոր մոտեցումներ` ոչ միայն որեւէ թեկնածուի սատարելու, այլեւ սեփական թեկնածու առաջադրելու հետ կապված։

«Այնուհանդերձ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մեր նախնական պայմանավորվածության շրջանակներում գործի, մենք մեր պայմանավորվածությունը կփորձենք պաշտպանել», - հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարը` հավելելով. - «Պայմանավորվածությունը եղել է, որ մենք միասնական մի թեկնածու ունենանք»։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, մինչդեռ, պնդում է, թե նախագահական ընտրությունների հետ կապված որեւէ տարաձայնություն չկա, հարցն այն է, որ Քոքոբելյանը խախտել է մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում նաեւ` մանդատից հրաժարվելու խոստումը չի կատարել։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ինչո՞ւ էին Քոքոբելյանին ընդգրկում իրենց ցուցակում, եթե հետո պետք է նրան ասեին հրաժարվիր մանդատից, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատասխանեց․ - «Այդ նույնը, եթե ուշադրություն դարձրել եք, բոլոր կուսակցական համամասնական ցուցակներում կա։ Դա ընդունված է։ Կարելի է ուղղակի այդ պահին թե՛ որպես մարդ, թե՛ որպես տղամարդ, թե՛ որպես քաղաքական գործիչ, միանգամից ասել որ՝ ոչ։ Բայց այս եւ այլ պայմանավորվածությունների նախապես համաձայնել, մասնակցել ընտրություններին, այնուհետեւ հրաժարվել այդ պայմանավորվածություններից, դա ուղղակի․․․»։

Միայն եւ միայն ինքն էր պատճառը։ Որեւէ այլ պատճառ չկա ...

Ռուբեն Հակոբյանը հավելեց, թե ցավում է, որ դա տեղի ունեցավ․ - «Ես ցավում եմ, որ ինքը իր կեցվածքով հարվածի տակ դրեց թե՛ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, ցավում եմ, որ Ալեքսանդր Արզումանյանին նույնպես ինչ-որ տեղ հարվածի տակ դրեց։ Բայց միայն եւ միայն ինքն էր պատճառը։ Որեւէ այլ պատճառ չկա»։

Արձագանքելով Քոքոբելյանի այն հայտարարությանը, թե տարաձայնությունների պատճառներից մեկն էլ առաջիկա նախագահական ընտրություններն են, Ռուբեն Հակոբյանը նրան խորհուրդ տվեց․ - «Փոխանակ այդպիսի ինչ-որ պատճառներ գտնի, ինքը ուղղակի հասկանա, որ եթե մարդը ինչ-որ բան է պայմանավորվում, ինքը պարտավոր է դա անել։ Եվ նույնիսկ այդքան կամք չունի քաղաքական, ուժ չունի, որ վերցնի իր վրա պատասխանատվությունը, եւ փորձում է սա դարձնել միջկուսակցական հարաբերությունների խնդիր։ Նման խնդիր բացարձակ չկա»։

«Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի միջեւ տարաձայնություններն այնքան են խորացել, որ Խաչատուր Քոքոբելյանը նիստի ժամանակ առաջարկել է, որ խմբակցությունը Ռուբեն Հակոբյանի փոխարեն ներկայացնի Զարուհի Փոստանջյանը։ Առաջարկն, իհարկե, չի ընդունվել, սակայն ինչպես նշեց Քոքոբելյանը, ինքն այդ կերպ փորձել է պաշտպանել ժառանգականներին։

«Ես գտնում եմ, որ պետք է «ժառանգականների» իրավունքները վերականգնենք։ Գտնում եմ, որ միակ «ժառանգականը» մեր խմբակցությունում, այդպես ստացվեց՝ Զարուհի Փոստանջյանն է», - պարզաբանեց նա։

Ռուբեն Հակոբյանն էլ, հակադարձելով այս առաջարկին, ասաց, թե ցավում է, որ Քոքոբելյանը կորցրել է իրեն։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է այն տեսակետը, որ երկու ընդդիմադիր ուժերի տարաձայնությունների հարցում ազդեցություն են ունեցել նաեւ իշխանական շրջանակաները, «Ժառանգության» փոխնախագահը պատասխանեց․ - «Իհարկե, ինձ համար էլ շատ կասկածելի հարցեր կան, որոնք, կարծում եմ, ժամանակի ընթացքում կբացահայտվեն»։
XS
SM
MD
LG