Մատչելիության հղումներ

ԵՄ-ն շարունակելու է «իր ներգրավվածությունը հարեւան տարածաշրջաններում»


Հեղինակավոր «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Քարստեն Ֆոգելը կարծում է, որ չնայած Եվրամիությունում առկա ճգնաժամին, այն շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը հարեւան տարածաշրջաններում:

Երեւանում գերմանական «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցող Քարստեն Ֆոգելը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց՝ ֆինանսատնտեսական եւ որոշ դեպքերում նաեւ համակարգային խնդիրների հաղթահարումը Եվրոպայի առջեւ նոր հնարավորություններ կբացեն, ինչը թույլ կտա ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ աշխարհում եւ նոր բնույթի համագործակցություն առաջարկել շահագրգիռ պետություններին:

«Վստահ եմ՝ եթե ուշադիր հայացք նետեք Եվրոպայի հետ համագործակցությանը ձեզ համար շատ ու շատ առավելություններ կհայտնաբերեք: Սա շատ կարեւոր է հասկանալ: Օրինակ, Եվրամիությունը աշխարհում ամենամեծ տնտեսական միավորն է՝ իր ավելի քան 500 միլիոն սպառողներով: Հայաստանի համար սա նույնպես կարեւոր է, որովհետեւ համագործակցելով Եվրամիության հետ դուք հնարավորություն եք տալիս ձեր ձեռնարկություններին մուտք ունենալ եվրոպական շուկա: Եվ սա, ի դեպ, ԵՄ-ի կողմից արված առաջարկ է, որը, ես վստահ եմ, եթե արվեր աֆրիկյան կամ հարավարեւելյան Ասիայի որեւէ պետության, նրանք ուրախությամբ կհամաձայնվեին մեզ հետ համագործակցել, որովհետեւ մուտքը եվրոպական շուկա ստեղծում է ավելի շատ հնարավորություններ, քանի ռիսկեր», - ասաց Ֆոգելը:

Ֆոգելի ներկայացմամբ՝ Եվրամիության հետագա ներգրավվելը հարակից տարածաշրջաններում չպետք է մտահոգություն առաջացնի ուժային այլ կենտրոնների մոտ, քանի որ Բրյուսելը մտադիր չէ զբաղեցնել նրանց տեղը:

«Օրինակ, Ռուսաստանը… կարծում եմ, որ Եվրոպան եւ Ռուսաստանը պետք է դադարեն մտածել, որ եթե երկուսից ինչ-որ մեկը շահում է ետխորհրդային երկրներում, ապա մյուսը անպայման կորցնում է: Մինչդեռ դա այդպես չէ: Մյուս կողմից ետխորհրդային երկրների համար երկու կողմն էլ հնարավորություններ են առաջարկում: Օրինակ, Եվրամիությունը առաջարկում է մուտք դեպի զարգացած տնտեսություն եւ ժողովրդավարական համակարգեր, իսկ Ռուսաստանը առաջարկում է միջազգային անվտանգություն», - ասաց փորձագետը:

Անդրադառնալով Հայաստանի հետ Եվրամիության հարաբերություններին՝ Ֆոգելը հատկապես կարեւորեց Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ երկկողմ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրերի նախաստորագրումը, որը տեղի ունեցավ օրերս Բրյուսելում:

«Բրյուսելում գիտեն, որ վիզային ռեժիմի դյուրացումը կարեւոր դրական ազդակ է Հայաստանի համար, եւ հենց այս հանգամանքն էլ կարծես թե գալիս է վկայելու իմ խոսքերի ճշմարտացիությունը, որ չնայած ճգնաժամին, Եվրամիությունը շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը հարեւան տարածաշրջաններում», - ասաց Ֆոգելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG