Մատչելիության հղումներ

Ծառուկյանի փեսայի մրցակից Հազարապետը դիմել է գլխավոր դատախազին


Պարտված թեկնածուն պնդում է, որ Կարապետ Գուլոյանը Աբովյանի քաղաքապետի պաշտոնը պահպանել է ընտրախախտումների միջոցով։

Աբովյանի քաղաքապետի վերջին ընտրություններում առաջադրված թեկնածու, որպես «Հազարապետ» հայտնի, Ղարաբաղյան պատերազմի տարիներին Դահրավ ջոկատի հրամանատար Արտաշես Մեհրաբյանը երեկ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հասցեագրած դիմումով խնդրում է դատախազի օգնությունը, որ վերջապես իրեն տրամադրվեն 28/8 եւ 28/16 ընտրատեղամասերի ընտրացուցակները:

Արտաշես Մեհրաբյանը պնդում է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները սեպտեմբերի 23-ին տեղի են ունեցել խախտումներով, Աբովյանի գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի պաշտոնը պահպանվել է օրենքի խախտումների հետեւանքով:

Մեհրաբյանը հայտարարում է, որ ընտրությունների հաջորդ օրը ընտրատեղամասից արդեն անհետացած են եղել ընտրացուցակները, մինչդեռ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, ընտրացուցակները պետք է ընտրատեղամասերում փակցված մնան մինչեւ տեղամասային հանձնաժողովի լիազորությունների ավարտը, այսինքն` ընտրություններից հետո 5 օր:

Թեկնածուն, հիմք ընդունելով օրենքի դրույթը, դիմել է Աբովյանի ոստիկանության անձնագրային բաժին, մերժում է ստացել, ապա դիմել է Աբովյանի դատախազ Վիկտոր Գրիգորյանին: Վերջինս, Արտաշես Մեհրաբյանը պնդմամբ, իրեն խորհուրդ է տվել չբողոքել եւ ասել է` մարդկանց ե՞ս վատություն անում։

«Սա կարար ինչ-որ մի տեղի ավտարիտետ ասեր՝ ապեր, ամոթ չի՞ դու բողոքում ես մարդկանց վրա», - Աբովյանի դատախազի պատասխանն է մեկնաբանում Մեհրաբյանը՝ շարունակելով, - «Մինչեւ անգամ մարդկանց անձնագրերի սերիաներն ու համարն էլ չեն գրել։ Շուտ շուտ դրել են՝ լցրել են, դրել են՝ լցրել են։ Հիմա չստուգե՞նք, գոնե մեր աբովյանցիներին չապացուցե՞ն, որ չի անցել էս փեսեն»։

Ի վերջո, Հազարապետը դիմել է գլխավոր դատախազին։ Վերջինիս Արտաշես Մեհրաբյանը դիմում է երկրորդ անգամ` ընտրություններից հետո: Սեպտեմբերի 27-ին Գագիկ Ծառուկյանի փեսայի մրցակիցը Աղվան Հովսեփյանին հասցեագրած դիմումի մեջ նշել է, թե հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ, որոնք, իր համոզմամբ, քրեորեն պատժելի են։

Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, գնդապետ Արմեն Առաքելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դատախազությունից ստացել են թեկնածուի դիմումը, ոստիկանությունը հիմա հետաքննություն է կատարում: Ոստիկանության բաժնի պետը մոտ մեկ շաբաթ առաջ հարցումներ է արել, քանի դեռ պատասխան չկա, առայժմ պարզ չէ` հայտնի չէ` քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ:

Նախքան իրավապահներին դիմումներ հասցեագրելը, Արտաշես Մեհրաբյանը դիմումներ է ուղարկել նաեւ թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանին` ընտրացուցակների անհետացման կապակցությամբ։

«Առնջեցի Սիրակը մի հատ ընենց մի բան ա գրել, որ իբր թե մի բան էլ ես եմ մեղավոր», - պատմում է Մեհրաբյանը։

Սիրակ Մեսրոպյանն ասաց, որ առինջեցի լինելը, այսինքն` Գագիկ Ծառուկյանի համագյուղացի, իսկ ավելի վաղ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից լինելն իրեն չի կաշկանդում։

«Մի տեղամասում եղել է մանկապարտեզ։ Ընտրության հաջորդ օրը, բնականաբար, աշխատանքը պետք է սկսեր մանկապարտեզը։ Ցուցակները այդտեղից հանել են։ Իսկ մյուս տեղամասը հանրակացարանային թաղամաս է։ Կարող է եւ տարել են՝ վառելիք են պատրաստել», - ցուցակների անհետացումը մեկնաբանեց Մեսրոպյանը։

Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը, որը մեր այցելության պահին Աբովյանի քաղաքապետարանում էր իր շքախմբով, հրաժարվեց հետընտրական իրավիճակի կապակցությամբ այսօր հրապարակավ հանդես գալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG