Մատչելիության հղումներ

Թուրքիայում դատում են հայտնի դաշնակահարին


Թուրքիա - Բողոքի ցույցը Ստամբուլի դատարանի մոտ` ի պաշտպանություն Ֆազիլ Սայի, 18-ը հոկտեմբերի, 2012թ.

Թուրքիա - Բողոքի ցույցը Ստամբուլի դատարանի մոտ` ի պաշտպանություն Ֆազիլ Սայի, 18-ը հոկտեմբերի, 2012թ.

Հանրահայտ թուրք դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆազիլ Սայը Ստամբուլի դատարանի առջեւ է կանգնել մահմեդական հավատացյալների կրոնական համոզմունքներն անարգելու մեղադրանքով։

42-ամյա երաժիշտը մեղադրվում է «ազգի մի հատվածի դավանած կրոնական արժեքները հրապարակավ վիրավորելու եւ ատելություն ու հասարակական անհանդուրժողականություն հրահրելու մեջ»։

Դատախազության բերած ապացույցներից մեկը Twitter-ում Ֆազիլ Սայի կատակ-գրառումն է մուեզինի մասին. դա այն հատուկ ընտրված հոգեւորականն է, ով աղոթքի ժամին մզկիթում ընթերցում է կոչը, կանչում հավատացյալներին։ Աղոթքի կոչը սովորաբար մի քանի րոպե է տեւում, սակայն այդ անգամ սահմանափակվել է ընդամենը 20 վայրկյանով։ Դաշնակահարը, մոտակա մզկիթից լսելով, որ այս անգամ այն ավելի կարճ տեւեց, Twitter-ում կատակել է. - «Ինչո՞ւ այսպես հապճեպ, սիրուհի՞ն է ձեզ սպասում, թե՞ սեղանին դրված ռակին»։

Շատ մահմեդականներ անընդունելի են համարում այս գրառումը, քանի որ իսլամն արգելում է ալկոհոլ օգտագործել, այդ թվում եւ ռակի՝ բավական տարածում ունեցող լիկյորը, որ անիսի սերմերից է պատրաստվում։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում դաշնակահարին սպառնում է մինչեւ մեկեւկես տարվա ազատազրկում։

Հինգշաբթի օրը նշանակված առաջին դատական նիստում Ֆազիլ Սայը չընդունեց դատախազության մեղադրանքը՝ պահանջելով արդարացնել իրեն։ Դատարանը բավական երկար ժամանակով՝ մինչեւ հաջորդ տարվա փետրվար, հետաձգեց դատաքննությունը՝ կողմերին հնարավորություն տալով պատրաստվել։

Ֆազիլ Սայը նվագել է Նյու Յորքի եւ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, եղել է Եվրամիությունում Թուրքիայի դեսպանը մշակույթի հարցերով։ Տարիների ստեղծագործական Ֆազիլ Սայը Փարիզում համերգի ժամանակ, փետրվար, 2010թ.

Ֆազիլ Սայը Փարիզում համերգի ժամանակ, փետրվար, 2010թ.

աշխատանքով երաժիշտը մեծ համբավ է բերել իր հայրենիքին։ Նրա երկրպագուներն ու համախոհները, սակայն, պնդում են, որ ջազային ու դասական ստեղծագործություններ կատարող դաշնակահարի ու կոմպոզիտորի տաղանդի փոխարեն Թուրքիայի իշխանություններին այսօր հետաքրքրում է նրա սովորությունը՝ Twitter-ում ոչ ստանդարտ մեկնաբանություններ գրել կրոնի մասին։

Իրավապաշտպանները բարձրաձայնում են, որ երաժշտի նկատմամբ քրեական գործի հարուցումը կրկին մտահոգություններ է առաջացնում Թուրքիայում խոսքի ազատության պաշտպանվածության վերաբերյալ։ Դաշնակահարին աջակցողներն ասում են, թե այս գործը այն կամայական հետապնդումների շարքից է, որ իրականացվում են վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության հասցեին վիրավորական թվացող ցանկացած ակնարկի հեղինակի նկատմամբ։

Ֆազիլ Սային աջակցելու համար երեկ դատարանի առջեւ մեծ բազմություն էր հավաքվել։

Թուրքական ծագմամբ գերմանացի քաղաքական գործիչ Սեւիմ Դագդելենի խոսքերով, իրենց զայրույթի պատճառը օրեցօր աճող միտումն է՝ դատարան քարշ տալ մտավորականներին, ինտելեկտուալ մարդկանց։ «Այս գործը հիմնականում խոսքի ազատության դեմ է, ուստի ես այստեղ եմ՝ իմ համերաշխությունը հայտնելու դաշնակահարին», - ասել է նա։

Հիշեցնելով գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհամ Փամուկի, ինչպես նաեւ մի շարք թուրք լրագրողների ու իրավապաշտպանների դեմ կայացված դատավճիռները այսօրինակ գործերով` Վիեննայում գտնվող Մամուլի միջազգային ինստիտուտի փոխտնօրեն, մամուլի ազատության հարցերով փորձագետ Էնթոնի Միլսն ասել է, թե այս դեպքերը Թուրքիայում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին են վկայում։

«Դեռ 70 լրագրողներ են գտնվում անազատության մեջ, նրանց մեծ մասը բանտարկված են ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով», - նշել է Միլսը։

Փորձագետը շեշտել է, որ դատավորները կարող են օրենքներն այնպես մեկնաբանել, որ անգամ լրագրողի հարցազրույցը զինվորականի հետ ահաբեկչություն համարվի։

Ու մինչ Եվրամիությունը բարձրաձայնում է, որ Թուրքիայում խոսքի ազատությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ, տեղացի իրավապաշտպանները կատակում են, թե մտահոգությունների շարքին պետք է ավելացնել եւս մեկը՝ համերգներ տալու սահմանափակումը, որ դրվել է դաշնակահարների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG