Մատչելիության հղումներ

Հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի՝ այսօր Երեւանում կայացած հերթական նիստի ավարտին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները ստորագրեցին փոխընմբռնման հուշագիր, որից հետո նիստին իր մասնակցությունը բերած ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը հայտարարեց, թե իր հայ գործընկերների հետ շատ բաց, անկեղծ եւ արդյունավետ քննարկումեր է ունեցել երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման, մասնավորապես՝ ներդրումների ավելացման, ձեռներեցության աջակցման եւ երկու երկրներում աշխատատեղերի ավելացման հարցերով։

Հուշագիրը, որն առավելապես վերաբերում էր էներգետիկայի բնագավառում երկու երկրների համագործակցությանը, հայկական կողմից ստորագրեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ Ամերիկայն կողմից՝ Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը:

Ավելի վաղ Հայաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված էր, թե նիստի օրակարգում ընդգրկված են Հայկական ատոմակայանի լիցենզիայի երկարաձգման, անվտանգության գծով աջակցության եւ նոր ռեակտորի ներդման առաջարկի հետ կապված հարցեր:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հատկապես ինչո՞ւմ է կայանալու ատոմակայանի հարցում ամերիկյան աջակցությունը, դեսպան Հեֆերնը պատասխանեց․ - «Ստորագրված փաստաթղթում համագործակցության կոնկետ ոլորտներ չեն նշվում: Սա ընդհանուր առմամբ էներգետիկ ոլորտում համագործակցելու՝ երկու երկրների պատրաստակամության արտահայտությունն է»։

Դեսպանը հավելեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Մեծամորի ատոմակայանի անվտանգույթունը հնարավորինս ապահովելու հարցում:

Ջոն Հեֆերնը նաեւ նշեց, որ Միացյալ Նահանգները համակարծիք է միջազգային հանրության այն դիրքորոշմանը, որ հայկական ատոմակայանի շահագործումը պետք է դադարեցվի մինչեւ 2016 թվականը:

«Սակայն, քանի որ Հայաստանի կառավարությունը որոշել է կայանի շահագործումը երկարաձգել եւս 10 տարով, ապա մենք պարտավորություն ենք ստանձնում այդ պարագայում եւս համապատասխան ռեսուրսներով աջակցել հայկական կողմին՝ ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում», - ասաց Միացյալ Նահագների դեսպանը։

Արմեն Մովսիսյանն իր հերթին պարզաբանեց․ - «Բոլոր հաշվարկները, բոլոր հնարավորությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում պետք է կայանի կյանքը մի քանի տարով երկարացնել։ Եվ կառավարությունը արդեն ընդունել է որոշում, որպեսզի գործող Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնենք 10 տարի ժամկետով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր ատոմային բլոկի կառուցումը կտեւի մոտավորապես այդքան ժամանակ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG