Մատչելիության հղումներ

Թիվ 35-ում երեք թեկնածու առաջադրվեց


Գյումրիի մի մասը եւ հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգող Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում երեք թեկնածու է առաջադրվել՝ Հանրապետականից Արման Սահակյանը, անկուսակցական, գործարար Արման Խաչատրյանը եւ Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի պատասխանատու Մուրադ Գրիգորյանը:

Մյուս քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» թեկնածուներ չեն առաջադրել:

Թիվ 35-ում լրացուցիչ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ, երբ այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետ ընտրվեց եւ վայր դրեց մանդատը:

Այս ընտրատարածքում ընտրությունների անցկացման հարցը այսօր մինչեւ ժամը 14-ը հարցականի տակ էր, քանի որ դեռ միայն Արման Սահակյանն էր առաջադրվել: Իսկ Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ առնվազն երկու թեկնածու առաջադրվի, այլապես մրցակցության բացակայությամբ պայմանավորված ընտրությունները չեն կայանա:

Առաջադրումների համար սահմանված վերջնաժամկետից չորս ժամ առաջ թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողով իր փաստաթղթերը ներկայացրեց անկուսակցական Արման Խաչատրյանը: Նա Գյումրիի բնակիչ է եւ զբաղվում է գործարարությամբ: Խաչատրյանի հետ այսօր կապ հասատել չհաջողվեց:

ՀՀԿ-ական Արման Սահակյանը Հայաստանի հարյուր խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «Սովրանո» ընկերության նախագահն է, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը եւ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերը:

Երրորդ թեկնածուն կրկին վերջին պահին առաջադրված Մուրադ Գրիգորյանն է, ով Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի պատասխանատուն է: Նա ինքնառաջադրվել է, ներկայացնում է Հայոց համազգային շարժում կուսակցությունը:

Արման Սահակյանը եւ Մուրադ Գրիգորյանը մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում կրկին որպես մեծամասնական թեկնածուներ թիվ 34 ընտրատարածքում պայքարում էին միմյանց դեմ: Երկուսն էլ այս ընտրատարածքում պարտվեցին ԲՀԿ-ի թեկնածու Մարտուն Գրիգորյանին:

Մուրադ Գրիգորյանը որոշել է կրկին առաջադրվել է «իր տեսակետները ժողովրդին ներկայացնելու եւ ընտրողներին ընտրելու հնարավորություն տալու» համար:

«Պայքարելու եմ, որպեսզի մանդատը վաստակվի՝ շարքային ընտրողի կողմից տրված վստահության քվեով, ոչ թե իշխանության կողմից որոշվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG