Մատչելիության հղումներ

Մայր Աթոռում բացվեց նորակառույց մատենադարանը


Այսօր Մայր Աթոռում բացվեց Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանը։ Երկհարկանի քարաշեն հսկայական կառույցում տեղակայվելու են Մայր Աթոռի 3 գրադարանները եւ ձեռագրատունը՝ հնարավորություն տալով բոլորին՝ ընթերցասեր հասարակությանը, գիտնականներին, օգտվել Մայր Աթոռում առկա հարուստ կրոնական եւ հայագիտական գրականությունից։

Նշենք, որ Մայր Աթոռի մատենադարանը կառուցվել է հայտնի բարերար Վաչե Մանուկյանի հովանավորությամբ։ Թեեւ պարոն Մանուկյանը, ի պատասխան մեր հարցի, չցանկացավ ասել, թե որքան գումար է ծախսել, սակայն մենք տեղեկացանք, որ այդ շինության, ինչպես նաեւ տարածքի բարեկարգման վրա ծախսվել է մինչեւ 10 միլիոն դոլար։

Մատենադարանի բակում տնկված յուրօրինակ ծառերը հատուկ բերվել են Իտալիայից։ Սակայն, ինչպես ընդգծեց Վաչե Մանուկյանը, մատենադարանի շենքի կառուցման համար օգտագործվել է միայն հայկական շինանյութ։

«Ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ հայաստանցի հայ գործավորը կարող է այսպիսի գեղեցիկ շենք մեջտեղ բերել», - մեկնաբանեց բարերարը։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Երեւանի քաղաքապետարանը որոշել է, որ մայրաքաղաքում անավարտ շինություններ չպետք է լինեն, ի՞նչ է պատրաստվում անել, հատկապես, որ որոշակի նախագծեր ունի դրանց հետ կապված, Վաչե Մանուկյանն ասաց, թե այնպիսի բան պետք է սարքվի, որի կարիքը ժողովուրդն ունի։

Հայաստան -- Բարերար Վաչե Մանուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Մայր Աթոռ, 18-ը հոկտեմբերի, 2012թ․
Հայաստան -- Բարերար Վաչե Մանուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Մայր Աթոռ, 18-ը հոկտեմբերի, 2012թ․
«Ոչ թե սարքվի, որ պարապ մնա, ինչպես հարյուրավոր շենքեր մեր պողոտաների մեջ։ Շատ ավելի վատ արձագանք կտա, եթե հայերը արտասահմանից գան, տեսնեն պարապ շենքեր», - նշեց նա՝ հավելելով, որ իրեն պատկանող հողի վրա, որի մասին լրագրողները գիտեն, ցանկանում է միջազգային չափանիշներին համապատասխան մի շենք սարքել, որը մատենադարանի շենքի նման՝ հպարտության առիթ կլինի։

Քանի որ մեծահարուստ բարերարը խոսեց դատարկ շենքերի մասին, մենք էլ նրան հարցրեցինք արտագաղթի մասին, սակայն Վաչե Մանուկյանն ասաց, թե քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել։

Նշենք, որ Մայր Աթոռի մատենադարանի բացման արարողությանը մասնակցում էր երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, արտգործնախարարը, սփյուռքի նախարարը։ Ներկա էր նաեւ Հանրապետականի ցուցակով պատգամավոր դարձած գեներալ Մանվել Գրիգորյանը։

Մատենադարանի օծման արարողությունն իրականացրեց Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը։

Մայր Աթոռի մատենադարանի շինարարությունը իրականացրել է «Սպիտակ կամար» ընկերությունը, որի տնօրենը, ինչպես լրագրողներին բաժանված տեղեկանքում է նշված, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG