Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաժողովը անցկացվում է Հայաստանում


Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայը

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայը

Երեւանում այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության միջազգային համաժողովը:

Հոկտեմբերի 18-19 Երեւանում անցկացվում է ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության միջազգային համաժողովը, որին ներկա են բազմաթիվ երկրների զբոսաշրջության պատասխանատուներ եւ մասնագետներ:

«Աշխարհում այսօր տեխնոլոգիական հեղաշրջումից բացի մեկ այլ հեղաշրջում նույնպես տեղի է ունենում, դա ճամփորդական հեղաշրջումն է: Մարդիկ շրջում են ողջ աշխարհով այնպիսի տեմպով, ինչպիսին երբեք չի եղել», - նշեց Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայը:

ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության կանխատեսմամբ, 2012-ի վերջին աշխարհի զբոսաշրջիկների թիվը կհատի մեկ միլիարդի սահմանը, ինչը նշանակում է, որ աշխարհի ամեն 7 բնակչից մեկն այս տարի ճամփորդել որեւէ այլ երկիր:

«Աշխարհում հիմա չկա որեւէ վայր, ուր դուք չեք կարող գնալ ցանկության դեպքում: Նշեք ցանկացած վայր, եւ ես ձեզ կտանեմ այնտեղ 36 ժամվա ընթացքում: Դուք կգտնեք հյուրանոց, ռեստորան ու մարդկանց, ովքեր ծառայություններ են մատուցում», - նշեց Ռիֆայը:

Ըստ Թալեբ Ռիֆայի՝ Հայաստանի ապագայի տեսլականում զբոսաշրջությունը շատ կարեւոր դեր ունի: Նրա կարծիքով, Հայաստանում զբոսաշրջության գործում վերջին 10 տարվա ընթացքում կարեւոր քայլեր են կատարվել:

«2001-ին Հայաստանն ուներ 200 հազարից պակաս զբոսաշրջիկ, իսկ այժմ թվերը տպավորիչ կերպով աճել են: Եթե Հայաստանը պահպանի ոլորտում աճի այս տեմպերը, ապա մինչեւ 2020-ը կդառնա աշխարհի կարեւոր զբոսաշրջային ուղղություններից մեկը: Հայաստանում քաղաքականությունը ճիշտ է տարվում, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել զբոսաշրջային ապրանքի ստեղծմանն ու զարգացմանը, բազմազանություն ստեղծմանը եւ երկրի գովազդին», - նշեց Ռիֆայը:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի հարցերով պատասխանատու Իզաբել Գարանիան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ զբոսաշրջային ավելի հանրահայտ ուղղություն դառնալու գործում Հայաստանը դեռ անելիքներ ունի:

«Այս երկրում շատ են զբոսաշրջային ռեսուրսները՝ հիանալի մշակութային ժառանգություն, գեղեցիկ լանդշաֆտ, ամեն ինչ իր տեղում է: Բայց մի բան է լավ ռեսուրսներ ունենալը, այլ բան` զբոսաշրջային ապրանք ստեղծելը: Պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, ստեղծվի ապրանք, որպեսզի հնարավոր լինի այդ ապրանքը գովազդել միջազգային շուկայում ու լավացնել Հայաստանի դիրքերը», - նշեց Գարանիան:

«Պետք է ստեղծելի Հայաստանի կերպարը, մարդկանց պատմել այս երկրի մասին, որ զբոսաշրջիկն իմանա, թե ինչ է առաջարկվում այս երկրում: Հայաստանը շատ խաղաղ եւ գեղեցիկ երկիր է, բայց մարդիկ Հայաստանի մասին չգիտեն, այդ պատճառով էլ չեն գալիս այստեղ: Շատ կարեւոր է, որ մարդիկ իմանան, թե ինչ զբոսաշրջային ապրանք է առաջարկում Հայստանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Միացյալ Նահանգներից որպես խորհրդատու ժամանած Մահմուդ Խանը:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կոնֆերանսը Հայստանում անցկացնելը Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը մեծ ձեռքբերում է համարում, քանի որ կոնֆերանսին ներկա են բազմաթիվ երկրների զբոսաշրջության պատասխանատուներ, ինչը համագործակցության նոր ու լայն հնարավորություններ է ստեղծում:

«Շատ այլ երկրներ շատ մեծ ջանքեր են գործադրում նմանատիպ, միջազգային բարձր մակարդակի կոնֆերանս իրենց երկրում անցկացնելու համար», - նշեց Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG