Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան ոստիկանությունը հերթական անգամ հատուկ գործողություն է իրականացրել, որի արդյունքում ոստիկանություն են տեղափոխվել Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Արեւելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր, քրեական աշխարհում հայտնի Ջնդի Ամալյանը եւ նրան ուղեկցող անձինք:

Վերջերս նման մի դեպք էլ տեղի էր ունեցել նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի հետ: Ջնդի Ամալյանի հետ կապված դեպքը գրեթե նույն սցենարն ունի, մինչդեռ ինքը Ամալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ոչ միայն չի ընդունում ոստիկանության կողմից նման գործողությունները, այլեւ կարծել է, թե եկել են իրեն սպանելու:

«Մենք 5 մեքենայով վերադառնում էինք մատաղից, Կիեւյան - Օրբելի խաչմերուկում մեր մեքենաները կայնան սվետաֆորի տակ, ու տաքսիների մեջից գռաժդանսկի գալիս են մեքենաների վրա, որ տաքսիից իջան ես ասի եկան խփելու, իմ վրա էլ մի քանի պակուշենի ա եղել, ես ասի հարձակվում են, մարդ արդեն չգիտի ում հետ գործ ունի»:

Ամալյանի խոսքով, երբ իրենք մեքենաներով Կիեւյան - Օրբելի խաչմերուկի լուսացույցի մոտ կանգնած էին, քաղաքացիական հագուստով ոստիկաններ են մոտեցել, նստել մեքենաների ղեկերին եւ բոլորին տեղափոխել ոստիկանություն:

Ոստիկանության լրատվության բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Ջնդի Ամալյանը եւ նրան ուղեկցողները զգուշացվել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ շարասյունով շրջելու համար: Այս մեղադրանքները Ամալյանը չի ընդունում: Անկեղծանում է, որ կյանքում խախտում չի արել, իսկ շարասյունով շրջել է նաեւ նախկինում:

Ամալյանը ասաց, որ վիրավորված է: Հիմա պատրաստվում է վաճառել իր ողջ բիզնեսը եւ հեռանալ երկրից:

Ի դեպ ոստիկանությունից փոխանցեցին, որ նման գործողություններ կլինեն նաեւ առաջիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG