Մատչելիության հղումներ

Կառավարությունը նոր տեխնիկական պահանջներ է սահմանում ՀԴՄ-ների համար


Կառավարությունն այսօրվա նիստում հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) համար սահմանեց նոր տեխնիկական պահանջներ, որոնք «պետք է կանխեն առեւտրի իրական ծավալների թաքցնելը տնտեսվարող սուբյեկտների կողմից»:

Նոր ՀԴՄ-ները Հայաստանի գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է տեղադրեն մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը: Դրանց գինը, ի դեպ, հասնում է 180 հազար դրամի:

Նոր ՀԴՄ-ներն ունեն չջնջվող հիշող սարք, որը թույլ չի տա, օրինակ, օրվա վերջում փոխել իրականացված առեւտրի ծավալների վերաբերյալ տեղեկությունները:

Նոր ՀԴՄ-ները մալուխային կապուղու միջոցով միացվելու են համապատասխան հարկային մարմնին, որպեսզի այն կարողանա հընթացս ֆիքսել իրականացված առեւտրի ծավալները:

Փաստարկելով նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը` Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ կոմիտեի ստուգումներով պարզվել է, որ տնտեսվարողները կարողանում են ծրագրային փոփոխություններ իրականացնել գործող ՀԴՄ-ներում. - «Արդեն մենք եզրակացնում ենք, որ հնարավորություն է ընձեռվել բիզնեսին, եւ դա վկայում են տվյալները, ծրագրային միջամտություններ անել, որը նվազեցնում է հարկային մուտքերը, ինչպես նաեւ շրջանառվող ծավալները»:

2008 թվականին, հիշեցնենք, կառավարության որոշմամբ պարտադիր դարձավ ՀԴՄ-ների տեղադրումը առեւտուր իրականացնող եւ ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների համար, եւ դա դժգոհության ալիք բարձրացրեց հատկապես փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող մարդկանց շրջանում:

Կառավարության նիստից հետո Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը լրագրողներին պարզաբանեց, որ անցումը նոր ՀԴՄ-ներին լինելու է փուլերով` 2013-ի հունվարի 1-ից նոր ՀԴՄ-ները պարտադիր կլինեն խոշոր բիզնեսի մոտ 1 100 ներկայացուցիչների համար, բայց արդեն 2015 թվականի հունվարի 1-ից նոր ՀԴՄ-ներ պետք է ունենան բոլոր` շուրջ 63 հազար տնտեսվարող սուբյեկտները:

Գործադիրի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարություն տվեց Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններին եւ Պետեկամուտների կոմիտեին` առաջարկություններ պատրաստել, թե կառավարությունը ինչպես կարող է աջակցել փոքր ու միջին բիզնեսին, որպեսզի նոր ՀԴՄ-ների տեղադրումը նրանց համար լինի «անցավ»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, այնուամենայնիվ, նոր ՀԴՄ-ների տեղադրումը լրացուցիչ բեռ կլինի հատկապես փոքր բիզնեսի համար, քանի որ ի վերջո նոր ՀԴՄ-ները տնտեսվարող սուբյեկտները գնելու են իրենց հաշվին:

Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մոտ 63 հազար սուբյեկտի 180 հազար դրամով նոր ՀԴՄ-ների վաճառքը կարող է կազմել գրեթե 30 միլիոն դոլար, եւ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական օլիգարխիկ կառուցվածքը` «սա հնարավորություն կտա ինչ-որ մի չինովնիկի կամ օլիգարխի բիզնես անել»:

Ի դեպ, նոր ՀԴՄ-ների այս պատմությունը երեւան եկավ այն բանից հետո, երբ սեպտեմբերի սկզբին վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվեցին Պետեկամուտների կոմիտեի նախագահի երկու տեղակալները` Ռուբիկ Քոչարյանը եւ Արտաշես Բեյբությանը: Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն, Բեյբությանին պատկանող հայտնի մի ընկերության խանութների ՀԴՄ-ները այնպես են եղել ծրագրավորված, որ ֆիքսել են առեւտրի ընդամենը մի մասը, ու հենց դա էլ եղել բարձրաստիճան պաշտոնյային աշխատանքից ազատելու պատճառը:

Հատկանշական է, որ Հայաստանում պետական պաշտոնյաների ու բիզնեսի միջեւ եղած կապերի մասին ընդամենը վերջերս խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանը` հայտարարելով, որ անխնա պատժելու է «ցանկացած միջամտություն, ցանկացած միջնորդություն հարկային մարմիններին»:

Լրագրողներից մեկը հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի պետական պաշտոնյաները եւ ՊԵԿ-ի աշխատակիցները բիզնես չհովանավորեն, կոմիտենի նախագահ Գագիկ Խաչատրյանն արձագանքեց. - «Մեր աշխատակիցներից շատերը ներկայումս համակարգում չեն: Մենք նոր, երիտասարդ կադրերով համալրում ենք անում»:

Խաչատրյանը խուսափեց տալ այն պետական պաշտոնյաների անունները, ովքեր միջամտել են հարկային մարմինների աշխատանքին. - «Հարկային, մաքսային գործառույթներին... ցանկացած տիպի միջամտություններ լինում են: Ե'վ համակարգի ներսուն, ե'վ դրսից, ե'ւ պետական պաշտոնյաները: Անուններ պետք չի տալ: Ե'վ բարձրաստիճան, ե'ւ միջին, բոլոր տեսակի միջամտությունը կա»:
XS
SM
MD
LG