Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ին ազատ, արդար ընտրությունների անցկացում է խոստանում


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԺԿ-ի համագումարում, 17-ը հոկտեմբերի, 2012
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԺԿ-ի համագումարում, 17-ը հոկտեմբերի, 2012
Հայաստանի իշխանությունները հաստատակամ են փետրվարին անցկացնել ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ՝ հաշվի առնելով մայիսին միջազգային դիտորդների ներկայացրած առաջարկները: Այս մասին այսօր Բուխարեստում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում, որին արդեն շուրջ մեկ տարի է անդամակցում է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

«Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնը՝ անկախության հռչակումից ի վեր։ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ։ Այդ նպատակով ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացություններն ու առաջարկները», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի առջեւ իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ Հայաստանի իշխանությունները շոշափելի ֆինանասական աջակցության կարիք ունեն երկրում սկսված բարեփոխումները ավարտին հասցնելու համար, եւ այս հարցում օգնություն են ակնկալում հենց եվրոպական կառույցներից։

«Մենք ձեռնամուխ ենք եղել բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի արդյունավետ կառավարման համակարգ։ Այդ նպատակներն իրականացնելու համար Հայաստանը կարիք ունի շոշափելի աջակցության. հենց այդ նպատակով ենք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստում դոնորների համաժողով Հայաստանի համար», - նշեց Սերժ Սարգսյանը։

Հայաստանյան առաջիկա ընտրություններից ու ներքին բարեփոխումներից բացի նախագահը անդրադարձավ նաեւ ղարաբաղյան խնդրին ու ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին ներում շնորհելուց հետո տարածաշրջանում լարված իրավիճակին՝ ընդգծելով, որ այս հարցը սպառնում է ողջ Եվրոպայի անվտանգությանը։

«ԵՄ անդամ երկրի կողմից արտահանձված մարդասպանին հերոսացնելով՝ Ադրբեջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, եւս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է եւ անմիջական սպառնալիք՝ ԼՂ ժողովդրի անվտանգության համար», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Այսօր մեկնարկած ԵԺԿ-ի երկօրյա գագաթնաժողովին ներկա են մեկ տասնակից ավելի եվրոպական առաջնորդներ ու վարչապետեր, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերը, Եվրահանձնաժողովի նախագահը, Եվրախորհդրի ու ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովների ղեկավարները։

Առաջիկա ժամերին վերջիններս կուսակցության նոր ղեկավար կազմ կընտրեն, իսկ մինչ այդ այսօր հաստատեցին ԵԺԿ-ի քաղաքական պլատֆորմը հաջորդ տասնամյակի համար։

Գրեթե միաձայն ընդունված փաստաթղթում ԵԺԿ-ն հատուկ անդրադառնում է նաեւ ետխորդային նորանկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցությանը եւ խոստանում ուշադրության կենտրոնում պահել Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը:

«Մենք պետք է հստակեցնենք՝ որոնք ենք այս տարածաշրջանում ժողովդրավարությունն ու մարդու իրավունքները տարածելու մեր գործիքները, ավելի շատ ուշադրություն դարձնենք լավ կառավարման, հակակոռուպցիոն քաղաքականության եւ օրենքի իշխանության վրա», - հայտարարում է Եվրոպայի ամենահին ու հզոր կուսակցություններից մեկն ու ընդգծում. - «Այս գործընկերությունը ոչ միայն նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարությունը այդ երկրներում, այլեւ զարգացնել տնտեսությունը եւ օգնել, որպեսզի նորանկախ այս պետությունները վերահաստատեն իրենց ինքնավարությունն ու անկախությունը՝ առավել հզոր հարեւաններից»։

Քաղաքական ծրագրում ԵԺԿ-ն նաեւ վերահաստատում է աջակցությունը Եվրամիության «ավելին ավելիի դիմաց» քաղաքականությանը՝ ակնարկելով, որ ետխորդային տարածքի այն երկրները, որոնք ավելին կանեն ժողովդրավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, կարժանանան ավելի մեծ ֆինանսական ու քաղաքական աջակցության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG