Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ի գործ․ միջնորդությունների մասին որոշումը հետաձգվեց


«Հարսնաքար» ռեստորանային համալիր
«Հարսնաքար» ռեստորանային համալիր
Ավան եւ Նոր-Նորք համայնքների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր Վահե Ավետյանի մահվան գործով դատավարության ժամանակ լսեց մեղադրող եւ պաշտպանական կողմերի տեսակետները անցած դատական նիստի ժամանակ տուժող կողմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ:

Դատավորը մեկուկես ժամ մնաց խորհրդակցական սենյակում, որից հետո հայտարարեց, թե հետաձգում է որոշում կայացնելը:

Հիշեցնենք՝ տուժող կողմը, պնդելով, որ նախաքննական մարմինն իր գործողություններով չի պարզաբանել «Հարսնաքար»-ի դեպքին վերաբերող մի շարք կարեւոր հանգամանքներ, դատարանին էր ներկայացրել ծավալուն միջնորդություն՝ 20 պահանջով:

Տուժող կողմը մասնավորապես պահանջում է իրեղեն ապացույց ճանաչել տուժողների հագուստները, կատարել տեղազննություն տուժողների մասնակցությամբ, պարզել, թե ինչ պատճառով չկան տեսաձայնագրությունները, որոնք պետք է որ կատարած լինեին «Հարսնաքար»-ի տարածքում տեղակայված տեսախցիկները։ Առաջարկ կար նաեւ, որ «Հարսնաքար»-ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն իր կամքով ներկայացնի բջջային հեռախոսային խոսակցությունների վերծանումները:

Տուժող կողմը խնդրում է նաեւ անցկացնել կենսաբանական-մասնիկաբանական փորձաքննություն եւ այդպիսով պարզել ամբաստանյալների եւ տուժողների հպումները։ Այդ հանգամանքը, ըստ տուժող կողմի, կարող էր պարզել դեպքի որոշ մանրամասներ:

Սակայն մեղադրողը կարծիք հայտնեց, թե այս միջնորդությունը պետք է մերժել, քանի նախաքննական մարմինը հանգել է այն հետեւության, որ ամբաստանյալները գործել են միասնական դիտավորությամբ, փոխլրացված գործողություններով եւ նրանց բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել, հետեւաբար պահանջվող փորձաքննությունը՝ «որեւէ նշանակություն չի կարող ունենալ, թե հատկապես անհատական ինչպիսի հպումներ եւ շփումներ են տեղի ունեցել»։

Մեղադրող կողմը հայտարարեց, թե անհրաժեշտ է մերժել նաեւ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումներին վերաբերող, ինչպես նաեւ Ֆուտբոլի ակադեմիայի տարածքում տեղակայված սարքերի տեսագրությունները վերծանելու եւ այդպիսով Ռուբեն Հայրապետյանի հետ ամբաստանյալների շփումների հանգամանքները պարզելու նպատակով տուժող կողմի ներկայացրած միջնորդությունները:

Դատական նիստի ժամանակ նկատելի էր, որ ամբաստանյալների պաշտպանները կտրուկ դեմ են արտահայտվում այն միջնորդություններին, որոնք առնչություն ունեն «Հարսնաքար»-ի միջադեպի ժամանակ Ռուբեն Հայրապետյանին վերաբերող հարցերին:

Ակնկալվում է, որ տուժող կողմի միջնորդության վերաբերյալ դատավորը որոշում կհրապարակի հաջորդ նիստին, որը նշանակված է հոկտեմբերի 22-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG