Մատչելիության հղումներ

Ծառուկյանը դռնփակ հանդիպում է ունեցել դիվանագետների հետ


Հայաստան -- ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ
Հայաստան -- ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ

Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում չեն շրջանցվել ներքաղաքական իրավիճակին ու նախկին արտգործնախարար Օսկանյանին առնչվող թեմաները։

Հայաստանում հավատարմագրված մի շարք պետությունների դեսպաններ, դիվանագիտական առաքելություն իրականացնող միջազգային կառույցների ղեկավարներ երեկ երեկոյան հանդիպել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Հանդիպման առիթը Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի 135-ամյակն է եղել։ Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, այդ հանդիպումը շարունակվել է նաեւ փակ դռների հետեւում՝ առանց կողմնակի անձանց եւ տեսախցիկների։

Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում չի շրջանցվել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու, մասնավորաբար` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները։

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը ո'չ հաստատեց, ո'չ էլ հերքեց լուրը, թե դռնփակ հանդիպման ընթացքում քննարկվել է Օսկանյանի հարցը` ասելով. - «Ես ենթադրությունների մակարդակով կանխատեսումներ չեմ կարող անել, քանի որ տեղեկատվության չեմ տիրապետում»:

Հանդիպման մանրամասները չեն հրապարակում նաեւ դիվանագետները:

Դիվանագետներ - Գագիկ Ծառուկյան զրույցին երեկ նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն է մասնակցել, սակայն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեցին, որ հանդիպման մանրամասները չեն ցանկանում հրապարակել։

Երեկվա հանդիպմանը ներկա չեն եղել Հայաստանում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի դեսպանները: Ըստ «Հրապարակ» օրաթերթի` ՌԴ դեսպանի չմասնակցելը «պարզապես դեմարշ է» եղել ոչ միայն Ծառուկյան - Հեֆերն հանդիպման, այլեւ «արեւմտյան բլոկի նկատմամբ ԲՀԿ-ի այսօրինակ ուշադրության» դեմ:

Իվետա Տոնոյանի խոսքով` Ռուսաստանի դեսպանի բացակայությունը պաշտոնապես պատճառաբանվել է նրանով, թե նա ուղեկցել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին: Իսկ ԱՄՆ-ի դեսպանատնից ասել են, որ նշանակված ժամին դեսպանը «այլ պայմանավորվածություններ է ունեցել»:

Անցած շաբաթ, հիշեցնենք, ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպում էր ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ` Վարդան Օսկանյանի հարցով: Հանդիպումից հետո Հեֆերնը մտահոգություն էր հայտնել նախկին արտգործնախարարին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ մեղադրանք առաջադրելու առիթով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով դիվանագետների հետ ԲՀԿ առաջնորդի հանդիպումներին` իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ասաց. - «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ ինքն է ընտրում իր ճանապարհը, իր գործելաոճը, իր գործողությունների հերթականությունը: Այս ժամանակահատվածը եթե գնահատենք որպես նախընտրական պրոցես, ապա մենք բոլորս պետք է լինենք մաքսիմալ զգույշ, զգոն, որպեսզի մեր որեւէ քայլով, մեր գործողություններով այս պրոցեսը այս կամ այն կերպ չվնասենք, ի վնաս մեր ժողովրդի, մեր պետության չաշխատենք»:
XS
SM
MD
LG