Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ընտրությունների հետ «պետք է հաշվի նստել»


Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում
Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում

«Սա կարեւոր գործընթաց է, անգամ եթե աշխարհագրորեն տեղի է ունեցել չճանաչված պետությունում», - ընդգծում է եվրոպացի խորհրդարանականը։

Թեեւ Եվրոպական միությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունների սահմանադրական եւ օրենսդրական շրջանակը, այդուամենայնիվ, պետք է հաշվի նստել այդ ընտրությունների ընթացքի եւ արդյունքների հետ։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասաց Եվրախորհրդարանի անդամ, Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոս Ֆրանկ Էնգելը։

«Ոչ մի երկիր չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, Հայաստանն ինքը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը` բոլորիս հայտնի պատճառներով: Ահա թե ինչու ես այնքան չեմ կենտրոնանում Ղարաբաղի` որպես անկախ պետության ճանաչման վրա, որքան այն, որ ընտրություններ են անցկացվել, մարդիկ քվեարկել են եւ իշխանություն ձեւավորել», - նշեց Էնգելը` ընդգծելով. - «Սա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել եւ որը չի կարող անտեսվել կամ թերագնահատվել: Սա կարեւոր գործընթաց է, անգամ եթե աշխարհագրորեն տեղի է ունեցել չճանաչված պետությունում»:

Եվրոպացի խորհրդարանականի կարծիքով` ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը լուրջ առաջընթաց չի արձանագրում հակամարտության լուծման հարցում:

«Իմ անձնական կարծիքով` Մինսկի խումբը առաջիկայում որեւէ համոզիչ առաջընթաց չի արձանագրի, ինչը, իհարկե, չի նշանակում, որ այն երբեւէ չի արձանագրի այդ առաջընթացը: Արդեն 20 տարի է անցել պատերազմի ավարտից: Միգուցե մենք ստիպված ենք եւս 20 տարի սպասել», - ասաց Ֆրանկ Էնգելը եւ շարունակեց. - «Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից կամք կա` գալ խաղաղ լուծման, եւ միայն Ադրբեջանն է կարծում, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում եւ իրենք կարող են պարզապես ետ վերցնել տարածքները` ռազմական ճանապարհով. եթե դա է մոտեցումը, ապա ես շատ քիչ տեղ եմ տեսնում խուսանավելու համար»:

«Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե ինչպիսին են պաշտոնական Բրյուսելի տրամադրությունները Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, եվրոպացի խորհրդարանականը արձագանքեց, թե Հարավային Կովկասը Բալկանների պես բարդ տարածաշրջան է, եւ խաղաղությանը պետք է լուրջ վերաբերվել։

«Մինսկի խմբի միջոցով մենք փորձում ենք լուծել հակամարտությունը, հարեւանության ծրագրով աջակցում ենք երկրին: Կարող ենք լինել ավելի ակտիվ, եթե կամենանք», - հայտարարեց Էնգելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG