Մատչելիության հղումներ

logo-print

ԲՀԿ-ն «թիրախավորված» մոտեցում է նկատում ԲՀԿ-ական նախկին պաշտոնյաների նկատմամբ


Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) մտահոգություններ ունի քաղաքաշինության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում չարաշահումների հետ կապված վերջին բացահայտումների առնչությամբ եւ «թիրախավորված» մոտեցում է նկատում ոլորտների ընտրության հարցում:

Քաղաքաշինության, առողջապահության եւ սոցիալական ապահովության բնագավառներում վերջերս հայտնաբերված չարաշահումները վերաբերում են ԲՀԿ-ական նախարարների պաշտոնավարման ժամանակաշրջանին: ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին:

«Մտահոգություններ, իհարկե, մենք ունենք: Մտահոգություններ ունենք, որ կարծես թե թիրախավորված ընտրվում են այն պաշտոնյաները, որոնք ԲՀԿ-ի քվոտայով են պաշտոնավարել, այսինքն մեր կուսակից գործընկերներն են եղել: Եթե մենք տեսնենք միտումներ, որ իրավական հարթությունից փորձ է արվում գործը շեղել, բնականաբար, մեր արձագանքը անպայմանորեն կլինի», - ասաց Զոհրաբյանը:

Մի շարք ոլորտներում չարաշահումների վերաբերյալ բացահայտումները, հիշեցնենք, հաջորդում են սեպտեմբերի 15-ին կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությանը, երբ նախագահը Ազգային անվտանգության ծառայությանն ու Գլխավոր դատախազությանը հանձնարարեց լրջորեն զբաղվել պետբյուջեն արդյունավետ տնօրինելու խնդիրներով:

Հանրային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը երեկ հարցաքննվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում՝ որպես վկա: Այս գործով ձերբակալված է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը:

Ընդգծելով, որ նախկին նախարարը գործով որպես վկա է անցնում, Նաիրա Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ Վարդան Վարդանյանը չի ընդգրկվի որպես կասկածյալ:

«Ես անձամբ նման զարգացում չեմ կանխատեսում, հարուցված քրեական գործի շրջանակում երեւի թե հարցեր կան, որոնց պատասխանները ակնկալում են ստանալ տվյալ պահին գերատեսչության ղեկավարից Վարդան Վարդանյանից: Ես վստահ եմ, որ մեր գործընկեր Վարդան Վարդանյանը վստահաբար ասելիք ունի Ազգային գրադարանի հետ կապված, եւ մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ նա այդ բոլոր հարցերի պատասխանները միանշանակորեն կտա: Այնպես որ մենք այս գործը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում, եւ եթե լինեն մտահոգիչ զարգացումներ, բնականաբար, ԲՀԿ-ն կարձագանքի», - ասաց նա:

Ինչ վերաբերում է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի պաշտոնավարման շրջանում դեղորայքի շուկայում արձանագրված չարաշահումներին, որոնց հետեւանքով 2011-ին պետական բյուջեին ավելի քան 1.5 միլիարդ դրամի վնաս է հասցվել, Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ այդ չարաշահումների հետ առողջապահության նախկին նախարարը կապ չունի:

Հարցին, արդյոք նախարարը տեղյակ չի եղե՞լ կատարվածից, Զոհրաբյանը պատասխանեց. - «Կարծում, եմ չպիտի այստեղ գերատեսչությունների պատասխանատվության ոլորտները խառնել իրար, վստահաբար ես կարող եմ ասել, որ առողջապահության նախարարը որեւէ առնչություն դրա հետ չունի, դրան տեղյակ են նաեւ պատկան մարմինները, գնումների գործակալություն եւ այլն, եւ այլն… այսինքն այստեղ պետք է ընդամենը չլինել դիլետանտ եւ տեսնել, թե ով ինչի համար պիտի պատասխանատվություն կրի: Շատ պարզ մեխանիզմ է եւ պետք չէ հեծանիվ հորինել այստեղ»:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը միանշանակորեն վստահություն հայտնեց, որ Երեւանի եւ մարզերի մանկատներում ու ծերանոցներում սննդամթերքի գնումների ոլորտում երեկ հրապարակված աղմկահարույց չարաշահումներն էլ ունեն այլ հասցեատերեր, եւ դրանք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին ԲՀԿ-ական նախարարները չեն:

Իսկ այն մեկնաբանություններին, որ ԲՀԿ-ին պատկանած գերատեսչություններին առնչվող չարաշահումները նախընտրական շրջանում հրապարակելով, նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով` գուցե իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է ճնշում գործադրել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը արագ հայտարարի առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին, Զոհրաբյանը արձագանքեց. - «ԲՀԿ-ն ինքն է որոշելու այն ժամկետը, թե երբ կհայտարարի իր որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հավելյալ վարկածներ, շրջանառության մեջ դրված տարբերակներ չեն կարող ստիպել, որ ԲՀԿ-ն իր որոշումը փոխի»:

ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անթույլատրելի համարեց կոռուպցիայի դեմ պայքարը կուսակցականացնելը` հիշեցնելով, որ ՀՀԿ-ական պաշտոնյաներ եւս քրեական հետապնդման են ենթարկվում:

«Բոլոր այն պնդումները կամ այն վարկածները, թե իբր սա քաղաքական հետապնդում է ԲՀԿ-ի կամ նրա առանձին անդամների նկատմամբ, աբսուրդի ժանրից են եւ իրականության հետ որեւէ կապ չունեն», - ասաց Շարմազանովը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG