Մատչելիության հղումներ

Նախօրեին զոհված սիրիահայերը կամավորական ջոկատների անդամներ էին


Սիրիա -- Այրված շինություն Հալեպի Ալ-Քաթարջի շրջանում, 9-ը հոկտեմբերի, 2012թ․

Սիրիա -- Այրված շինություն Հալեպի Ալ-Քաթարջի շրջանում, 9-ը հոկտեմբերի, 2012թ․

Երեկ Հալեպում զոհված հայազգի երկու երիտասարդները Սիրիայի կառավարության հովանավորությունը վայելող կամավորական ջոկատների անդամներ էին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը: Նա նշեց, որ 34 տարեկան Օվսիա Սալիպան եւ 33-ամյա Միսաք Քեհեյանը զոհվել են ընդդիմադիրների դեմ մարտերի ժամանակ:

Զոհերի մասին լուրը հաստատեց նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կա եւս մեկ վիրավոր` Շանթ Տեր-Մղշյանը:

«Հացի խնդիր»


Ռեիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով հայ համայնքի վիճակին` ասում է, որ անվտանգությունից զատ, շատ ընտանիքներ հայտնվել են նյութական ծանր խնդիրների առջեւ: Ռմբակոծություններից վնասվել են շատերի տները, շատերն էլ հացի խնդիր ունեն:
Հայ ժողովրդի համեստ օժանդակությունը կարիքավորներին ...

Երեկ երեկոյան «Օգնիր եղբորդ» նախաձեռնության միջոցներով Հայաստանից Հալեպ ուղարկված 14 տոննա սնունդն ու դեղորայքը դեռ չի բաշխվել: Ուղարկվող օգնության բաշխումը Հալեպում համակարգելու է Սիրիահայության միացյալ արտակարգ իրավիճակների շտապօգնության մարմինը: Համակարգող մարմինը օգնության դիմումներ է ստացել կարիքավորներից եւ ըստ դրա էլ բաշխելու է այն:

«Թեեւ սիրիահայերին հասցեագրված օժանդակություն է, բայց անպայման նաեւ մեր շտապօգնության տղաները հայ ժողովրդի անունից, Հայաստանի իրենց ազգակիցների անունից նաեւ այդ օժանդակությունից արաբ կարիքավորներին եւս բաժին կհանեն, վրան արաբերեն վերտառությամբ՝ որպես հայ ժողովրդի համեստ օժանդակությունը կարիքավորներին», - նշեց Բերիո թեմի առաջնորդարանի բանբերը։

Սիրիահայերի համար «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնության օգնությունը առաջինը չէ: Նրանք տարաբնույթ օգնություններ են ստացել միջազգային տարբեր կազմակերպությունների` այդ թվում Հայկական բարեգործական ընդհանուր միության, Միջազգային կարմիր խաչի կողմից:

Մարդասիրական օգնությունը կշարունակվի


Թուրքիա - Հայկական օդանավը Էրզրումի օդանավակայանում, որտեղ վայրէջք էր կատարել դեպի Հալեպ ճանապարհին, 15-ը հոկտեմբերի, 2012թ.

Թուրքիա - Հայկական օդանավը Էրզրումի օդանավակայանում, որտեղ վայրէջք էր կատարել դեպի Հալեպ ճանապարհին, 15-ը հոկտեմբերի, 2012թ.

Մոտ մեկ ամիս առաջ ձեւավորված «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության պահեստում դեռ 26 տոննա սնունդ ու դեղորայք ունի, որն էլ առաջիկայում կուղարկի Հալեպ: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին շարժման ստեղծման մեջ դերակատարություն ունեցած դաշնակցական գործիչներ Վահան Հովհաննիսյանն ու Լիլիթ Գալստյանը:

Նրանց տվյալներով, անցած մեկ ամսվա ընթացքում շարժման համար հավաքվել է ավելի քան 30 միլիոն դրամ եւ 40 տոննա սնունդ ու դեղորայք:

Գումարը նախատեսված է թռիչքների համար, դրա մի մասը ծախսվել է առաջին թռիչքի ապահովման համար: Առաջիկայում Հալեպ կուղեւորվի երկրորդ ինքնաթիռը:

Ֆինանսական ու նյութական աջակցություն են ցուցաբերել Հայաստանի քաղաքական գրեթե բոլոր ուժերը, հայտնի գործարարներ:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության ինքնաթիռը երեկ շուրջ վեց ժամ զննման էր ենթարկվել Թուրքիայի Էրզրում քաղաքի օդանավակայանում: Դա Թուրքիայի պահանջն էր` իր օդային տարածք մտնելու թույլտվության դիմաց:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG