Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «պահեստային տարբերակներ չի մշակում»


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր հայտարարեց, որ դաշինքի թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, բայց ընդդիմադիր դաշինքի առաջնորդը դեռ վերջնական որոշում չի կայացրել:

«Իր վերջնական որոշումը դեռ չկա: Բայց մենք, որպես Կոնգրես, կոնսենսուս ունենք իրեն առաջադրելու», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե ընտրություններին ընդամենը 4 ամիս է մնացել, իսկ Տեր-Պետրոսյանը լռում է առաջադրվելու կամ չառաջադրվելու կապակցությամբ, եւ հարցին, թե արդյոք դա չի նշանակում, որ նա չի առաջադրվելու, ՀԱԿ-ի ղեկավար ներկայացուցիչն արձագանքեց. - «Ոչ մի բան դա չի վկայում: Ամեն մի ընտրական շրջան ունի իր տրամաբանությունը: Մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ ռեսուրսների տեր ենք, նաեւ դաշնակիցների առումով ինչ ռեսուրսների տեր ենք: Պետք է հասկանանք նաեւ, թե հետընտրական զարգացումներում ինչ խնդիրներ ենք ունենալու»:

Նրա խոսքով, իրենք «պահեստային տարբերակներ» չեն մշակում. - «Մենք լրիվ կենտրոնացած ենք Տեր-Պետրոսյանի առաջադրման սցենարի վրա»:

Հարցին, թե որքանով է իրատեսական համարում, որ Կոնգրեսի առաջնորդը կառաջադրվի, Զուրաբյանն արձագանքեց. - «Եթե իրատեսական չհամարեինք, ինչո՞ւ էինք խոսում դրա մասին»:

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում բացառել էր, որ Տեր-Պետրոսյանի չառաջադրման պարագայում Կոնգրեսը սատարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին:

Զուրաբյանն այս կապակցությամբ ասաց. - «Ես ընդհանրապես համարում եմ անիմաստ այդ հարցի քննարկումը, որովհետեւ ոչ մի քաղաքական ուժ Կոնգրեսի ներսում նման առաջարկով հանդես չի եկել»:

Նա անիմաստ է համարում նաեւ քննարկումները, թե Կոնգրեսը կարող է նախագահական ընտրություններում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱԿ-ը հանրահավաքներ չի անցկացնում (հայտարարվել էր, թե հաջորդ հանրահավաքը անցկացվելու է սեպտեմբերին)` Զուրաբյանն ասաց. - «Իրականում ժողովուրդը եւ հասարակությունը այսօր մեզանից սպասում են մեկ հարցի պատասխան` ո՞րն է լինելու Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը, կամ եթե կուզեք` ռազմավարությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Քանի որ մենք այդ հարցի վերջնական պատասխանը դեռ չունենք, ինչքանո՞վ ճիշտ կլիներ մարդկանց հավաքել հանրահավաքի եւ դրա մասին չխոսել: Ուստի շատ բնական է, որ մենք այս պահին հանրահավաք չենք պլանավորում: Մենք ցանկանում ենք այս հարցում ստանալ լիակատար պարզություն, եւ արդեն նոր ժողովրդին մեր ուղերձը հղենք»:

Արձագանքելով ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահը դուրս է մրցակցությունից, եւ մնացած բոլոր թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար` Զուրաբյանը հակադարձեց, որ այդ հայտարարությունը բացահայտում է գործող իշխանությունների ոչ դեմոկրատական բնույթը:

«Որեւէ դեմոկրատական պետությունում նման հայտարարություն ուղղակի չէր կարող հնչել: Դեմոկրատական ընտրությունների պարագայում ոչ մի քաղաքական ուժ մինչեւ վերջ չի կարող համոզված լինել, որ ինքը շահելու է ժողովրդի աջակցությունը: Երբ իշխող ուժի ներկայացուցիչը նման հայտարարություն է անում, ինքը ըստ էության ասում է հետեւյալը` մենք ավտորիտար պետություն ենք, որը կեղծում է ընտրությունները, ուստի ոչ ոք չունի շանս մեր թեկնածուին հաղթելու: Սա ինքնախոստովանութուն է ընտրակեղծարար լինելու մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG