Մատչելիության հղումներ

Հանթսմանները կխոսեն եւ դա կլինի ամպրոպի նման, երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը` արձագանքելով հարցին, թե Օսկանյանի գործի հետ կապված ինչո՞ւ են լռում Հանթսմանները:

ԱԱԾ-ում փողերի լվացման եւ յուրացման փաստերով հարուցված քրեական գործի հիմքում ամերիկացի հայտնի բարերար Ջոն Հանթսմանի ընտանիքի կողմից Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս»-ին նվիրաբերած գումարներն են: ԱԱԾ-ն պնդում է, որ Հանթսմաններ կողմից բարեգործության նպատակով Օսկանյանի անձնական հաշվեհամարին փոխանցված ավելի քան 1 միլիոն 400 հազար դոլարից 181 հազարը Օսկանյանը յուրացրել է: Այս գործում Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելուն Հանթսմանները դեռեւս չեն արձագանքել:

«Հանթսմանների խոսելը կլինի ամպրոպի նման, ժամանակը կգա, կլինի դա: Կխոսեն եւ, հավատացեք, շատ հետաքրքիր եւ շատ տհաճ հետեւանքներ կլինեն որոշ մարդկանց համար», - ասաց Աթանեսյանը:

Աթանեսյանը ասում է` Վարդան Օսկանյանի գործը հեռանկար չունի, ուստի միակ ելքը դրա կարճումն է: Չնայած փաստաբանը կարծում է, որ ԱԱԾ-ում քննվող գործը իրավաբանության հետ կապ չունի, բայց Օսկանյանի պաշտպանության համար պատրաստվում է օգտագործել օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները: Առաջիկայում Աթանեսյանը քրեական գործը կարճելու միջնորդություն կներկայացնի:

«Ոչ մի նախաքննություն էլ չի կատարվում, կա ընդամենը քաղաքական հետապնդման իրականացում` քողարկված, այսպես կոչված, նախաքննությամբ կամ դրա գաղտնիությամբ», - հայտարարեց Աթանեսյանը:

Վարդան Օսկանյանը շարունակում է ցուցմունքներ չտալ: Փաստաբանն ասում է` նախկին արտգործնախարարը ոչ թե թաքցնելու բան ունի, այդ այդպիսով իր քաղաքական դիրքորոշումն է արտահայտում:

«Իր համար պարզ է, եւ իմ կարծիքով, Հայաստանում արդեն բոլորի համար պարզ է, որ սա քաղաքական հետապնդում է: Ի նշան բողոքի այդ հետապնդման դեմ, նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց», - ասաց Աթանեսյանը:

Փաստաբանը այսօր եզրակացրեց, որ Հայաստանում բանկային գաղտնիքը չի պահպանվում` իբրեւ օրինակ մատնանշելով հենց Օսկանյանի հետ տեղի ունեցածը: ԱԱԾ-ն տեղեկացել էր Օսկանյանի հաշվեհամարին պահվող գումարների շարժից այն դեպքում, երբ դա արգելված է:

«Որտեղի՞ց ինֆորմացիա ԱԱԾ-ին եւ դատախազությանը` կատարված ծախսերի մասին: Քարտային հաշվից իրոք մանր-մունր ծախսեր են կատարվել, որոնք չեն գերազանցել 20 միլիոնը: Եվ այդ ամենի մասին իրենք շատ լավ տեղյակ են առանց դատարանի որոշման: Սա վառ ցուցանիշն է այն բանի, որ մեր բանկային համակարգը որեւէ կերպ չի պահպանում բանկային գաղտնիքը: Այն թափանցիկ է ԱԱԾ-ի համար, եւ այս պայմաններում խոսել բանկային համակարգի զարգացման մասին, կներեք, պարզապես ճիշտ չէ, եւ ոչ մի խելացի մարդ իր գումարը չի վստահի նման բանկային համակարգի», - ասաց նա:

Աթանեսյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ-ի աշխատանքին, մասնավորապես, Օսկանյանին ներկայացված մեղադրանքի հիմնավորմանը: Փաստաբանը քննչական խմբի փաստարկները անտրամաբանական համարեց. - «Պարոն Օսկանյանը ծախսել է 186 հազար դոլար իրեն տրամադրված գումարից իր անձնական նպատակների համար: Քանի որ ծախսել է, դրանով իսկ օրինականացրել է այդ գումարը: Այսինքն, ըստ իրենց, հափշտակած գումարի ծախսը հանդիսանում է փողերի լվացում: Դա, բնականաբար, այդպես չի կարող լինել, անգամ հակասում է թե գիտությանը, թե Վճռաբեկ դատարանի նախադեպերին»:

Աթանեսյանը ասում է` գործի կարճումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով:

«Այս գործի նախաքննությունը եւ բոլոր վարույթները կապված են ոչ թե գործի բուն տվյալների, այլ այլ նպատակների հետ, հետեւաբար պետք է նայենք քաղաքական պրոցեսներին եւ այդտեղից կհասկանանք գործի ընթացքը», - ասաց նա:

Վարդան Օսկանյանը ԱԱԾ ներկայանալու նոր ծանուցագիր դեռեւս չի ստացել:
XS
SM
MD
LG