Մատչելիության հղումներ

Նյու Յորքում տեղի կունենա Օբամա - Ռոմնի երկրորդ բանավեճը


Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների առաջին բանավեճին ժամանած Բարաք Օբաման եւ Միթ Ռոմնին ողջունում են միմյանց, Դենվեր, 3-ը հոկտեմբերի, 2012թ.
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների առաջին բանավեճին ժամանած Բարաք Օբաման եւ Միթ Ռոմնին ողջունում են միմյանց, Դենվեր, 3-ը հոկտեմբերի, 2012թ.

Ըստ վերլուծաբանների` ԱՄՆ-ի գործող նախագահը պետք է հնարավոր ջանքերը ներդնի կորցրածը վերականգնելու համար։

Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ եւ հանրապետական թեկնածուները երեքշաբթի օրը կրկին ուղիղ եթերում բանավիճելու են դեմ առ դեմ։

Նախընտրական երկրորդ՝ նախավերջին բանավեճը տեղի է ունենալու Նյու Յորքի համալսարաններից մեկում, այս անգամ Բարաք Օբաման եւ Միթ Ռոմնին պատասխանելու են նաեւ ընտրողների հարցերին, որոնք հանդիսատեսը կուղղի դահլիճից։

Հեռուստադիտողների շրջանում անցկացված հարցումների համաձայն` ամսվա սկզբին կայացած առաջին բանավեճին Օբաման զիջեց Ռոմնիին եւ հիմա, ըստ վերլուծաբանների, գործող նախագահը պետք է հնարավոր ջանքերը ներդնի կորցրածը վերականգնելու համար։

Բարաք Օբաման հեռուստատեսային բանավեճին նախորդող օրը Ուիլյամսբուգում գտնվող հանգստավայրում՝ խորհրդականների հետ պատրաստվել է այսօրվա ելույթին։ Նրա մրցակիցը տանը՝ Բոսթոնում է բանավեճից առաջ վերջին ժամերն անցկացրել։

Այսօրվա քննարկումից առաջ վերլուծաբանները ուշադրություն են հրավիրում, որ նախագահի երկու թեկնածուներն էլ ամբողջ քարոզարշավի ընթացքում շրջանցում են Աֆղանստանի թեման, չնայած ամերիկյան զորքերը դեռ այնտեղ են` ըստ էության, շարունակելով երկարամյա պատերազմը։ Քարոզարշավի ընթացքում թեկնածուների բարձրաձայնած խնդիրների շրջանակը լայն է՝ գործազրկությունից մինչեւ հարկեր, տնտեսություն, Իրան, սակայն թե՛ Ռոմնին, թե՛ Օբաման այդպես էլ չեն անդրադառնում Աֆղանստանին, որտեղ շուրջ 11 տարի է` տեղակայված է ամերիկյան զինուժը։

The Weekly Standard հանդեսի մեկնաբան Սթիվ Հեյսը քննադատում է այս մոտեցումը. - «Դա սխալ էր, անկախ նրանից` կանխամտածված էր, թե` թյուրիմացության հետեւանք։ Դուք 70 հազարից ավելի զորք ունեք Աֆղանստանում եւ դուք պետք է խոսեք այդ մասին։ Մարդիկ ուզում են տեսնել առաջնորդի, ով խոսում է այնպիսի կարեւոր բանի մասին, ինչպիսին պատերազմն է»։

Այս պատերազմը ամենաերկարամյան է ԱՄՆ-ի պատմության մեջ։ Ավելի քան 2 հազար ամերիկացի զինվոր է զոհվել Աֆղանստանում, հարյուր հազարավորները` վիրավորվել, Ամերիկան 574 միլիարդ դոլար է ծախսել այս հակամարտության վրա։ Այնուամենայնիվ, ըստ Gallup-ի գլխավոր խմբագիր Ֆրենք Նյուփորթի, պատասխանելով այն հարցին, թե որն է երկրի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը, մեկ տոկոսից էլ քիչ ամերիկացիներ են Աֆղանստանը մատնանշել։

«Թեկնածուները հետեւում են հարցումներին, ինչպես նաեւ հասարակական կարծիքի սեփական ուսումնասիրություններն ունեն, այնպես որ` նրանք հստակ գիտեն, թե որոնք են առանցքային հարցերը։ Հավանաբար, ոչ Ռոմնիից եւ ոչ էլ Օբամայից չենք լսում Աֆղանստանի մասին այն պատճառով, որ նրանց խորհրդականները հուշել են, թե դա առաջնահերթ չէ հասարակության համար, եւ որ թեկնածուների կարծիքները այդ հարցում չեն տարբերվում», - ասել է Նյուփորթը։

Այնուամենայնիվ, փորձագետների կանխատեսմամբ, այսօր ուղիղ եթերում թեկնածուներին հարց կուղղվի Աֆղանստանի վերաբերյալ, եւ քարոզարշավի թեժ փուլում նրանք վերջապես կշոշափեն այս թեման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG