Մատչելիության հղումներ

Խաղարկվել են «հրթիռային հարվածների տարբերակներ»


Scud-B հրթիռային համալիրները ռազմական շքերթում: Երեւան, 21-ը սեպտեմբերի, 2011թ.
Scud-B հրթիռային համալիրները ռազմական շքերթում: Երեւան, 21-ը սեպտեմբերի, 2011թ.
Հոկտեմբերի առաջին կեսին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրականացված աննախադեպ խոշոր զորավարժությունների ժամանակ հայկական զինված ուժերի կողմից խաղարկվել են հրթիռային հարվածների տարբերակներ, որոնց հեռահարությունը կարող է կազմել ավելի քան 300 կիլոմետր:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը նախ փոխանցեց, որ, հրթիռային հարվածներ են մոդելավորվել պայմանական հակառակորդի ռազմական եւ տնտեսական օբյեկտների նկատմամբ:

«Հրթիռային հարվածների իրականացումը խաղարվել է` հաշվի առնելով բավականին դինամիկ պայմանները, երբ կլինի ակտիվ ներգործություն մեր ամբողջ ուժերի վրա: Հարվածները հիմնականում պլանավորել ենք ինչպես հավանական հակառակորդի զորային խմբավորումների, այն է` ռազմական օբյեկտների դեմ կիրառումը, այնպես էլ տնտեսական ենթակառույցների դեմ, որոնք այս կամ այն կերպ ազդում են զինված ուժերի մարտական կարողությունների վրա», - մանրամասնեց նա` հավելելով, որ կարող են հասցվել նաեւ կետային հարվածներ. - «Քաղաքների, բնակչության դեմ հարվածներ չեն հասցվելու եւ չի էլ պլանավորվում կամ խաղարկվում նման սցենար: Մենք պլանավորում ենք [հարվածներ հասցնել] ռազմական կամ տնտեսական օբյեկտներին, որոնք էական նշանակություն ունեն տվյալ պետության համար: Մասնավորապես պլանավորել էինք մի քանի հարվածներ նավթային, գազային ենթակառուցվածներին, էներգակիրերին, որոնք ազդելու են տնտեսության վրա»:

Պաշտպանության նախարարությունում «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրներր փոխնացմամբ, զորավարժությունների ժամանակ մոդելավորվել են հրթիռային բազմաթիվ հարվածներ, եւ այդ հարվածների քանակով ու հեռահարությամբ նշված զորավարժությունները աննախադեպ են եղել Հայաստանի զինված ուժերի համար:

Հիշեցնենք, ավելի քան երկու տարի առաջ` 2010-ի օգոստոսին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով Զինված ուժերի սպառազինության արդիականացման մասին, հայտարարեց, թե առաջիկայում շեշտը դրվելու է հեռահար եւ գերճշգրիտ զինատեսակների ձեռք բերման, ինչպես նաեւ տեղում դրանց արտադրության վրա:

Հատկանշական է, որ անցած տարվա սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության տոնին նվիրված զորահանդեսում ցուցադրվեցին հարվածային նշանակության մի շարք հրթիռներ, այդ թվում` ռուսական արտադրության 9К72 «Էլբրուս» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնք աշխարհին հայտնի են ՆԱՏՕ-ական դասակարգման անվանումով` Scud-B, եւ որոնց հեռահարությունը մոտ 300 կիլոմետր է:

Օրերս արեւմտյան վերլուծական կայքերից մեկը տեղեկություն եւ արբանյակից արված մի լուսանկար հրապարակեց, ըստ որի Սյունիքի մարզում տեղակայվել են С-300ПС տեսակի հակաօդային պաշտպանության երկու համալիրներ: Ընդ որում, համաձայն այդ հրապարկման, նշված համալիրները ավելի արդիական են, քան Հայաստանի զինված ուժերում ավելի շուտ հայտնված С-300ПТ-ները: Նշվում է նաեւ, որ Սյունիքում տեղակայելով С-300ПС երկու համալիրներ` Հայաստանի զինված ուժերը իրենց պաշտպանության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի ողջ օդային տարածքը:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հրապարակված «որոշակի տեղեկություններ ճիշտ են», իսկ «որոշակի կետեր էլ արդեն ուշացած են»:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 1-13-ը Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում անցկացված լայնամասշտաբ զորավարժություններին, ապա նշվեց, որ զորավարժություններին մասնակցել են մոտ 45 հազար մարդ եւ շուրջ 5 հազար միավոր տեխնիկա, ինչը աննախադեպ է Հայաստանի զինված ուժերի համար:

Զորավարժությունների ժամանակ փորձարկվել են նոր զինատեսակներ, այդ թվում` հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG