Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Երեւանից Հալեպ մեկնող ինքնաթիռը Թուրքիայի Էրզրում քաղաքում տեխնիկական զննում անցնելուց հետո բարեհաջող վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում:

Թռիչքն իրականացնող հայաստանյան «Էյր Արմենիա» ընկերության` 14 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի զննման գործընթացը Թուրքիայում փաստորեն մոտ 6 ժամ տեւեց: Բեռնափոխադրման ընկերությունում նշեցին, որ իրենց աշխատանքի ընթացքում առաջին անգամ են նման իրավիճակի մեջ հայտնվել, երբ օդային բեռնափոխադրման ժամանակ որեւէ մի երկրի տարածքով անցնելիս այդ երկիրը պահանջել է ստուգել ինքնաթիռի պարունակությունը:

«Էյր Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Թուրքիան թռիչքն իր տարածքով չի արգելել, այլ թուրքական իշխանությունները համաձայնել են իրենց օդային տարածքը տրամադրել պայմանով, որ ինքնաթիռն Էրզրումում վայրէջք կատարի վերազննման նպատակով, որպեսզի, ինչպես, պարզաբանեց Ավետիսյանը, վստահ լինեն, որ «հումանիտար բեռ է տեղափոխվում»:

Թուրքիան իր տարածքով Սիրիա ուղեւորվող ինքնաթիռները սկսեց ստուգել վերջերս թուրք-սիրիական լարվածության հետեւանքով: Անկարան կիրակի օրը հայտարարեց, թե արգելում է Սիրիայի բոլոր օդանավերի մուտքը Թուրքիայի օդային տարածք։ Դա արվել է ի պատասխան թուրքական օդանավերի մուտքը Սիրիայի օդային տարածք արգելելու Դամասկոսի որոշման։ Օրերս էլ թուրքական օդուժը վայրէջք էր պարտադրել Մոսկվա-Դամասկոս չվերթը կատարող սիրիական քաղաքացիական օդանավին։ Այն զննելուց հետո թուրքերը հայտարարել են, թե օդանավը ռազմական նշանակության բեռ է փոխադրել Բաշար ալ-Ասադի բանակի համար։

Հումանիտար բեռը Հալեպ է ուղարկում «Օգնիր եղբորդ» հասարակական շարժումը, որի ստեղծման մեջ ակտիվ դերակատարություն ունի Հայ հեղափոխական դաշնակցությունը: Հալեպ է ուղարկվել ձավար, շաքարավազ, ձեթ, յուղ, ջեմ, մակարոնեղեն եւ պահածոներ:

Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռի բեռնման ժամանակ Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իրենք պատրաստ են անգամ թուրքական կողմի զննությանը, որպեսզի այդքան անհրաժեշտ սնունդը տեղ հասնի: Հովհաննիսյանը հավելեց, որ հայտնի գործարարներ են մասնակցել այս նախաձեռնությանը, եւ շարժումը նյութական առումով խնդիր չունի: Խնդիրը պարզապես օդային ճանապարհի դժվարություններն են, նկատեց դաշնակցական գործիչը:

«Շրջափակման մեջ է ոչ միայն Հայաստանը եւ Արցախը, այլ նաեւ ողջ հայությունը, որովհետեւ մեր ցանկացած փորձ օգնելու մեր եղբայրներին մեր սահմաններից դուրս էլի հանդիպում է խոչընդոտների: Բայց ցանկացած խոչընդոտ հնարավոր է հաղթահարել, եթե մենք միասնական ջանքերով ենք դա անում, եւ կարծում եմ, հուսով եմ, որ այսօր մեզ կհաջողվի հասցնել առաջին բեռները Սիրիայի մեր եղբայրներին ու քույրերին, ինչպես նաեւ ընդհանրապես Սիրիայի չքավոր ընտանիքներին: Եվ սա վերջինը չէ», - ասաց Հովհաննիսյանը:

«Օգնիր եղբորդ» հասարակական շարժումը առաջիկայում նախատեսում է եւս 16 տոննա սննդամթերք ուղարկել Սիրիա: Ուղարկվող օգնության բաշխումը Հալեպում համակարգելու է Սիրիահայության միացյալ արտակարգ իրավիճակների շտապօգնության մարմինը, որը ստեղծվել է անցած ամիսներին Հալեպում երեք կրոնական համայնքների` Հայ առաքելական, Կաթոլիկ եւ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչների ջանքերով:

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, ով այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ամփոփեց նախարարության աշխատանքը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, թե Սիրիայում գտնվող հայերին, ըստ էության, կարելի է բաժանել երկու խմբի. առաջին խմբում հակամարտության շրջանում գտնվող հայերն են, ովքեր այս պահին օգնության կարիք ունեն, երկրորդում` նրանք, ովքեր հեռու են հակամարտությունից, այս պահին ապահով են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG