Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո «Վրացական երազանք» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին անցած շաբաթավերջին հանդիպում է ունեցել Թբիլիսիում ապրող հայերի հետ։

Ինչպես տեղից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը, ապագա վարչապետը Վրաստանում ապրող ազգային փոքրամասնություններից առաջինը հանդիպել է հայերի հետ։

Հանդիպման առիթը հայտնի հայ թարգմանիչ Գիվի Շահնազարի հոբելյանական երեկոն էր, որին հայ համայնքի ներկայացուցիչներից բացի հրավիրված էր Բիձինա Իվանիշվիլին։ Ներկա էր նաեւ ապագա կառավարության մշակույթի նախարարը։ Սա ընտրություններից հետո Իվանիշվիլիի առաջին հանդիպումն էր փոքրամասնության ներկայացուցիչների հետ, եթե չհաշվենք դրանից մի քանի օր առաջ հրեական սինագոգ կատարած նրա այցը։

Հոբելյանական երեկոյի ավարտին Բիձինա Իվանիշվիլին մոտ կես ժամանոց զրույց է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վիճահարույց բոլոր խնդիրների շուրջ։

«Իվանիշվիլիի հիմնական պատասխանն ու ուղերձը հետեւյալն էր՝ Վրաստանի նոր իշխանությունը պատրաստ է աշխատել հայերի հետ վերջին տարիներին կուտակված հարցերը կարգավորելու ուղղությամբ», - ասում է հանդիպմանը մասնակցած Առնոլդ Ստեփանյանը։ - «Մեր կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին Վրաստանում հայկական թատրոնի գործունեությանը, եկեղեցուն ու հայկական դպրոցներին։ Ընդ որում, դպրոցների մասով պետք է նշել, որ «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագրում հատուկ դրույթ կա, որի համաձայն կուսակցությունը պատրաստ է իշխանության գալու դեպքում քայլեր ձեռնարկել՝ Վրաստանում հայկական դպրոցների փակումը կանգնեցնելու ուղղությամբ»,- ասում է «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահը։

Վերջինիս խոսքով, զրույցի ավարտին Բիձինա Իվանիշվիլին խոստացել է հայ համայնքի ներկայացուցիչներին եւս մեկ՝ առավել առարկայական ու պաշտոնական ձեւաչափով հանդիպում՝ արդեն կառավարության ձեւավորումից ու վարչապետի պաշտոնը ստանձելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG