Մատչելիության հղումներ

Հակամարտությունը մոտենում է «լարվածության անթույլատրելի շեմին»


Փիթեր Սեմնեբի

Փիթեր Սեմնեբի

Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ, այժմ Աֆղանստանում Շվեդիայի դեսպան Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտությունը մոտենում է լարվածության անթույլատրելի շեմին:

«Իմ հիմնական ուղերձը հետեւյալն է. բռնության թույլատրելի շեմը գնալով իջնում է, այն արդեն անթույլատրելի սահմանների է հասել: Այժմ դրությունը մի քանի տարի առաջվա համեմատ բավականին վատացել է, վտանգը շատ ավելի բարձր է: Թե այն ժամանակ, երբ հատուկ ներկայացուցիչ էի, թե հիմա իմ հիմնական ուղերձն ու կոչը Եվրոպային հետեւյալն է՝ սա մի հակամարտություն է, որին պետք է լուրջ վերաբերվել: Եվրոպան պետք է լուրջ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար», - ասում է Ստամբուլում Շվեյցարա-կովկասյան ակադեմիական ցանցի գիտաժողովին մասնակցող Փիթեր Սեմնեբին՝ շարունակելով. - «Մեծ է ռիսկը, որ յուրաքանչյուր միջադեպ կարող է իրավիճակը հսկողությունից դուրս բերել: Մենք տեսնում ենք այդպիսի միջաադեպեր, որոնք կարող են նպաստել լարվածության ավելացմանը: Իհարկե, սա պետք է մտահոգի առաջին հերթին հակամարտության կողմերին, բայց միջազգային գործընկերները նույնպես պետք է հաշվի առնեն դրությունը, քանի որ եթե Լեռնային Ղարաբաղում ինչ-որ բան պատահի, դրա հետեւանքները կազդեն նաեւ ԵՄ երկրների վրա»:

Ամփոփելով գիտաժողովի արդյունքները` Շվեյցարա-կովկասյան ակադեմիական ցանցի ծրագրերի պատասխանատու Դենիս Դաֆլոնը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց հիմնական թիրախային երկրները Վրաստանն ու Հայաստանն են ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ սեւծովյան տարածաշրջանի համատեքստում: Դաֆլոնի խոսքով` տարածաշրջանում շատ են հակամարտությունները, այդ իսկ պատճառով նույնիսկ գիտական ելույթների ժամանակ հակամարտությունները բավականին տարբեր մեկնաբանվեցին:

«Գիտաժողովը շատ տարբեր թեմաներ է արծարծում, եւ հետաքրքիրն այն է, որ այդ թեմաները տարբեր տեսակետներից են ներկայացվում: Հետազոտողները խնդիրները ներկայացնում էին ոչ միայն միջազգային հարաբերությունների, այլեւ պատմական փաստերի հիման վրա: Այսինքն ոչ միայն պաշտոնական, դիվանագիտական մոտեցում կա, այլեւ հակամարտությունից տուժած մարդկանց մասին խոսվեց: Գիտաժողովը կարելի է հաջողված համարել հենց այդ բազմակարծության եւ տարբեր մոտեցումների շնորհիվ», - ասաց Դաֆլոնը:

Թուրք քաղաքագետ, Թուրքիա-Եվրամիություն հարցերով զբաղվող Ֆուատ Կայմանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում Հայոց ցեղասպանության ընդունման հարցը հիմնական խոչընդոտներից է:

«Իհարկե դա խոչընդոտ է, բայց Թուրքիան մեծ առաջընթաց է արձանագրում այս հարցում: Չեմ կարծում, թե Թուրքիան մի օր պաշտոնապես կընդունի դա, բայց Թուրքիայում, օրինակ, շատ են հեղինակները, ովքեր գրում են այդ մասին, նրանց հետ ոչինչ չի պատահում, մեծանում է մարդկանց տեղեկացվածությունը 1915-ի ողբերգական իրադարձությունների մասին: Սա արդեն որոշակի առաջընթաց է», - ասաց թուրք քաղաքագետը:

Հայաստանը ներկայացնող վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, սակայն, կարծում է, որ քաղաքական գիտության մեջ խնդիրների ավելի լայն ըմբռնում է հարկավոր: Այս առումով Կիրակոսյանը քննադատեց գիտաժողովի բովանդակային մասը:

«Այս գիտաժողովին մի բան հստակ կարելի է նկատել` արհեստական ու կողմնակալ տեսանկյուններ երբեմն: Այսպես, օրինակ, շատ ընտրված թեմաներից կարելի էր գլխի ընկնել, թե որ երկրի ներկայացուցիչն է ելույթ ունեցողը: Վրացի գիտնականները հիմնականում ընտրել էին Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները, հայերը` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին էին հիմնականում անդրադառնում կամ հայ-թուրքական հարաբերություններին: Սա մի կողմից բնական է, մյուս կողմից էլ ոչ այնքան արդյունավետ: Քաղաքագիտության մեջ պետք է ավելի լայն մոտեցումներ ու ընկալումներ ցուցբերել: Սա է միակ մի քննադատությունը», - ասաց Կիրակոսյանը:

Շվեյցարա-կովկասյան ակադեմիական ցանցի գիտաժողովին ներկա էին բազմաթիվ հայտնի գիտնականներ ու վերլուծաբաններ Հարավային Կովկասից, Եվրոպայից, ԱՄՆ-ից: Հայաստանից գիտաժողովին պիտի մասնակցեր նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Կազմակերպիչների փոխանցմամբ` հայտնի (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու եւ քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու) պատճառներով նա չի մեկնել Ստամբուլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG